5 զինված մարդ ներխուժել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյի առանձնատուն, երբ նա ու ընտանիքի անդամները դիտում էին Իտալիա - Իսպանիա Եվրո-2024-ի երկրորդ տուրի հանդիպումը: Նրանք հափշտակել են թանկարժեք իրեր և գումար, հայտնում է Corriere del Veneto-ն:
Երբ չարագործները ներխուժել են տուն, 57-ամյա Բաջոն փորձել է կռվի բռնվել նրանց հետ, բայց ատրճանակի կոթով հարվածել են նրան ու ընտանիքի մյուս անդամների հետ փակել են սենյակում:
Կողոպտիչների հեռանալուց հետո Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կոտրել է դուռը և ոստիկանություն կանչել: Այնուհետև 1993թ․ «Ոսկե գնդակի» դափնեկրին տարել են հիվանդանոց և մի քանի կար դրել վնասված հատվածում:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Բաջոն Իտալիայի հավաքականում հանդես է եկել 1988-2004-ին՝ 56 խաղում խփելով 27 գոլ։ Նա աշխարհի առաջնության փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր է։ Ակումբային կարիերայի ընթացքում անվանի հարձակվողը խաղացել է «Ֆիորենտինայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Ինտերում» ու այլ իտալական ակումբներում։