Թուրքիայի փոխչեմպիոն «Ֆեներբահչեն» հայտարարել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին, հունիսի 2-ին տեղի կունենա նրա շնորհանդեսը:
Ակումբը չի հայտնել 61-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյուի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին հունվարին իտալական «Ռոմայից» հեռանալուց հետո ազատ գործակալ էր: Մոուրինյուն նախկինում գլխավորել էր նաև պորտուգալական «Պորտուն», «Բենֆիկան», Լոնդոնի «Չելսին», իտալական «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»:


