Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, խոսել է Ժոզե Մոուրինյուի ապագայի մասին:
Մենդեշը պորտուգալացի մասնագետի գործակալն է 2004 թվականից:
«Ժոզեին ներկայացնելու կարիք չկա: Այն տիտղոսները, որոնք նա նվաճել է, ասում են ամեն ինչ: Նա սովորական մարզիչ չէ, նա յուրահատուկ է: Մոուրինյուն երբեք խնդիր չի ունեցել նոր ակումբ փնտրելու հարցում:
Մի քանի ամիս առաջ նա հնարավորություն ուներ մեկնելու Սաուդյան Արաբիա, բայց մերժեց առաջարկը, քանի որ ցանկանում էր մնալ Իտալիայում»,- Record-ին տված հարցազրույցում նշել է 58-ամյա Մենդեշը:
Հիշեցնենք, որ 60-ամյա Մոուրինյուն օրերս էր հեռացվել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Պորտուգալացին իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։