Լիսաբոնի «Բենֆիկայի» 30-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Մարիուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, հաղորդում է A Bola-ն:
«Հաշվի առնելով այն փուլը, որ անցնում եմ մարզական կարիերայում, ինչպես նաև խոր, ազնիվ մտորումներիս արդյունքը՝ հասկանում եմ, որ ազգային թիմին հրաժեշտ տալու ճիշտ պահն է: Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք ինձ մշտապես աջակցել են: Միշտ կլինեմ առաջին շարքում ու կաջակցեմ ազգային թիմին: Զգացմունքային պահ է, ու ես խնդրում եմ հարգել իմ որոշումը»,- A Bola-ն մեջբերում է ֆուտբոլիստի հայտարարությունը:
«Բենֆիկայի» ֆուտբոլիստի հայտարարությունից րոպեներ անց Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Մարիուին ազգային թիմում ելույթների համար:
«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Ժոաու Մարիուի որոշումը: Նա միշտ օրինակելի պահվածք է ցուցաբերել, նվիրում, ինչի համար մենք շնորհակալ ենք ու ինչը երբեք չենք մոռանա: Նա միշտ ոգեշնչման աղբյուր է լինելու փոքրերի համար»,- նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Ժոաու Մարիուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2014 թվականի հոկտեմբերին: Ազգային թիմի կազմում նա մասնակցել է 56 խաղի, խփել 3 գոլ: Պորտուգալիայի հավաքականի հետ Ժոաու Մարիուն 2016 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականին հաղթել է Ազգերի լիգան: