Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական «Միլանից» և կարիերան կշարունակի MLS-ում:
«Առաջիկա երկու հանդիպումներն ինձ համար վերջինը կլինեն «Միլանի» կազմում։ Իմ կարիերան կշարունակվի MLS-ում:
Շատ հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ «Միլանում» անցկացրած երեք մրցաշրջաններում: Հիմա ճիշտ ժամանակն է հայտարարելու իմ որոշման մասին։ Իմ պատմությունը «Միլանում» ավարտվում է այս տարի, բայց ակումբը հավերժ կմնա իմ սրտում»,- հայտարարել է 37-ամյա ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայությանը հետ հարցազրույցում:
Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ հարձակվողն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Լոս Անջելես»:
Հիշեցնենք, որ Ժիրուն 2021 թվականի հուլիսից է խաղում իտալական գրանդում: Ֆրանսիացին «Միլանի» կազմում անցկացրել է 130 խաղ, դարձել 48 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: 2021/2022 մրցաշրջանում էլ «Միլանի» հետ նվաճել էր Սկուդետոն: