Սոֆիայի ԲԿՄԱ-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոսովոյի դեմ Պրիշտիանում կայացած ընկերական խաղում (2-2) ազգային թիմի մարզաշապիկով առաջին գոլը խփելու, Բուլղարիայի առաջնության և Ալբանիայի դեմ առաջիկա խաղի մասին:
«Շատ ուրախացա՝ իմանալով, որ մեկնարկային կազմում եմ լինելու: Գոլ խփելու մտադրությամբ էի դուրս եկել խաղադաշտ: Շատ ուրախ եմ, որ առաջին գոլը խփեցի և օգնեցի հավաքականին:
Երբ տեղափոխվեցի Բուլղարիա, հասկացա, որ ավելի շատ պետք է աշխատեմ ֆիզիկական պատրաստվածության վրա, քանի որ այդ առաջնությունում ավելի շատ է ուժային պայքարը: Արագություններն էլ ավելի բարձր են, քան Հայաստանի առաջնությունում:
Իմ կարծիքով՝ Ալբանիայի հավաքականը մի փոքր կարգով ավելի բարձր է, քան Կոսովոյի թիմը: Մի փոքր ավելի ծանր խաղ կլինի, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք»,- նշել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Շաղոյանը վարձավճարով է խաղում Սոֆիայի ԲԿՄԱ-ում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»:
Ալբանիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Տիրանայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:


