Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը խոսել է բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղի մասին:
«Ինչպես ամբողջ ակումբի, այնպես էլ մեր թիմի ու անձամբ ինձ համար Եվրոպայի ամենաճանաչված մրցաշարում հանդես գալը մեծ ուրախություն ու պատասխանատվություն է, որին երկար ժամանակ սպասել ենք թե՛ մենք, թե երկրպագուները, ուստի շատ լրջորեն ենք պատրաստվում «Զրինսկիի» հետ խաղին։
Բոլորի սպասելիքները մեծ են, փորձելու ենք ամեն ինչ անել՝ հաղթահարելու այս փուլը։ Ինչ վերաբերում է մրցակցին, կասեմ, որ բավական ուժեղ թիմ է, բայց պետք է մեր խաղը ցուցադրենք ու հաղթենք»,- Մարգարյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Զրինսկի» խաղը կկայանա հուլիսի 11-ին երևանյան ակումբի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։
Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն:


