Համացանցում շատ արագ տարածվում է հերթական զավեշտալի տեսանյութը հարավամերիկյան ֆուտբոլային առաջնությունից: «Մակարա» - «Հոկտեմբերի 9» Էկվադորի Ա Սերիայի խաղում (3-1) ուշագրավ ինքնագոլ է գրանցվել:
«Մակարայի» ֆուտբոլիստը հեռու տարածությունից հարված է կատարել մրցակցի դարպասին, գնդակը դիպել է դարպասաձողին և հայտնվել «Հոկտեմբերի 9» թիմի պաշտպան Դարվին Տորեսի մոտ: Ուրուգվայցին գնդակը ցանկացել է գլխով փոխանցել դարպասապահին, սակայն գրավել է սեփական դարպասը:
«Հոկտեմբերի 9» ակումբն իր անվանումը ստացել է ի պատիվ այն օրվան, երբ Գուայաս պրովինցիան անկախացել է Իսպանիայից: Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին: