Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» Վիլնյուսում 1-2 հաշվով պարտվեց լիտվական «Ժալգիրիսին» և H խմբում վաստակած 6 միավորով ընթանում է 2-րդ տեղում: «Փյունիկն» ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատար շվեյցարական «Բազելին», որը Բրատիսլավայում «Սլովանի» հետ հանդիպումն ավարտեց 3-3 հաշվով:
VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում ընդհատվեց «Փյունիկի» 2 անընդմեջ հաղթանակների շարքը: «Փյունիկը» խմբային մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց և կրկին՝ մրցակցի դաշտում: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Հայաստանի 15-ակի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել էր շվեյցարական «Բազելին»:
2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 12 հանդիպումներում «Փյունիկը» 5-րդ պարտությունը կրեց: Մնացած խաղերից 3-ում փյունիկցիները հաղթել են, 4-ում գրանցվել է ոչ-ոքի: «Փյունիկը» 12 գոլ է խփել, բաց է թողել 16 գնդակ:
3. Եվրագավաթներում «Փյունիկը» 72-րդ խաղն անցկացրեց, որից ուղիղ կեսում՝ 36-ում պարտվել է: Փյունիկցիները տոնել են 20 հաղթանակ, 16 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 69 գոլ, բաց են թողել 122 գնդակ:
4. «Ժայգիրիս»- «Փյունիկ» հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբների մասնակցությամբ անցկացված 18-րդ խաղն էր: Հայկական թիմերը 4 հաղթանակ են տարել, 7-ում գրանցվել է ոչ-ոքի, նույնքան անգամ էլ պարտվել են, խփել են 16 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 24 գնդակ:
5. «Փյունիկի» պարտությունը 7-րդն էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարին մասնակցած հայկական երկու ակումբների անցկացրած 10 հանդիպումներում: Հայկական թիմերը 2 հաղթանակ են տարել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 10 գոլ, բաց են թողել 20 գնդակ:
Ընդհանուր առմամբ` Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում ելույթ ունեցած հայկական 6 ակումբները միասին անցկացրել են 24 խաղ, որից միայն 5-ում են հաղթել, 6-ն ավարտել են ոչ-ոքի, 14-ում պարտվել են, խփել են 23 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 43 գնդակ:
6. Հոկտեմբերի 27-ին «Սլովանի» հետ կայանալիք հանդիպումը կլինի եվրագավաթներում հայկական ակումբների մասնակցությամբ հոբելյանական՝ 300-րդ խաղը: Հայկական ակումբները տարել են ընդամենը 62 հաղթանակ, 55 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 182 պարտություն, խփել են 233 գոլ, բաց են թողել 552 գնդակ:
7. «Փյունիկը» եվրագավաթներում 2-րդ անգամ Վիլնյուսում մրցեց «Ժալգիրիսի» հետ ու կրկին պարտվեց: Լիտվայի մայրաքաղաքում մրցակիցների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2013-14թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում: 2013թ. հուլիսի 18-ին կայացած խաղում «Փյունիկը» Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ պարտվել էր 0-2 հաշվով:
8. Ավելի վաղ՝ 1999-2000թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ժալգիրիսի» հետ մրցել էր Արարատի «Ցեմենտը», որը պարտվել էր երկու խաղերում էլ (0-2, 0-3): «Ժալգիրիսը» Լիտվայի միակ թիմն է, որ եվրագավաթներում մրցել է հայկական ակումբների հետ: Կայացած 6 հանդիպումներում միակ հաղթանակը տարել է «Փյունիկը», մեկն ավարտվել է ոչ-ոքի, 4-ում հաղթել է «Ժալգիրիսը»: Հայկական ակումբներն ընդամենը 4 գոլ են խփել, բաց են թողել 10 գնդակ:
9. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» 2-րդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց Արաս Օզբիլիսը: Առաջին 11մ հարվածը նշանակվել էր ռումինական «Կլուժի» հետ հուլիսի 13-ին հյուրընկալվելիս անցկացրած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղի լրացուցիչ ժամանակում: Հովհաննես Հարությունյանի հարվածը հետ էր մղել մրցակցի դարպասապահը:
Արաս Օզբիլիսը երևանյան ակումբի կազմում բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում: Նա ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում՝ «Ժալգիրիսի» դարպասը գրավելով 32 տարեկան 218 օրականում: Առաջին երկու տեղերը զբաղեցնում են Արսեն Ավետիսյանն (33 տարեկան 290 օրական) ու Արտակ Դաշյանը (32 տարեկան 299 օրական):
Օզբիլիսն ընդգրկվեց նաև եվրագավաթներում հայկական ակումբներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով «Արարատի» նախկին կիսապաշտպան Արա Նիգոյանին (31 տարեկան 302 օրական):
10. Դավիթ Յուրչենկոյի՝ դարպասն անընդմեջ անառիկ պահած 2 խաղերի շարքն ընդհատվեց: Մինչև Ֆաբիեն Ուրեգայի խփած գոլը, Յուրչենկոն 216 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: