Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայր Նորայր Զախարյանը կեղծ է որակել որդու՝ Ստամբուլի «Գալաթասարայ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Տղայիս «Գալաթասարայ» տեղափոխվելու վերաբերյալ ամեն ինչ կեղծ է։ Արսենն արդեն հայտնել է, որ չի ցանկանում տեղափոխվել Թուրքիա։
Ես ու տղաս ցանկանում ենք, որ նա խաղա Եվրոպայում։ Իսկ բոլոր լուրերը, որ հիմա պտտվում են Արսենի շուրջ, հերթական ասեկոսեներն են»,- Նորայր Զախարյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Ավելի վաղ 19-ամյա կիսապաշտպանը հերքել էր թուրքական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը մոտ է կարիերան «Գալաթասարայում» շարունակելուն: Որոշ ժամանակ անց տեղեկությունը հաստատել էր հայտնի ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Նախորդ տարի Զախարյանը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ տեխնիկական խնդիրների պատճառով։