Logo

Զաիր-Էմերիից մինչև Մբապե. «Տաղանդների լիգայի» ամենահեռանկարային ֆուտբոլիստները

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
15:30 / 04.09.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Ֆերմերների լիգա՞». ո՛չ...

Եվրոպական թոփ-5 լիգաներից շատերի համար միգուցե ամենաանփայլ առաջնություն համարվող Լիգա 1-ն իրականում պարունակում է մի շարք հետաքրքրություններ: Այո՛, վերջին տարիներին այստեղ գրեթե չի ծավալվել չեմպիոնական պայքար, բայց մրցաշարային աղյուսակի տարբեր գոտիներում միշտ եղել են մեծ ինտրիգներ, և, ինչն ամենակարևորն է, այստեղ խաղացել են և խաղում են շատ հեռանկարային ֆուտբոլիստներ:

Ոմանց համար Ֆրանսիայի Լիգա 1-ը «Ֆերմերների առաջնություն» է, բայց փաստն այն է, որ այս լիգան պաշտոնապես համարվում է «Տաղանդների լիգա»:

FastNews-ը ներկայացնում է Լիգա 1-ում հանդես եկող լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներին:

Ուարեն Զաիր-Էմերի – ՊՍԺ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուարեն Զաիր-Էմերին ընդամենը 18 տարեկան է, բայց հասցրել է դառնալ փարիզյան թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Ֆրանսիայի հավաքականի խաղացողը ՊՍԺ-ի առանցքային դեմքերից դարձավ 2022/23 մրցաշրջանում, երբ դեռ ընդամենը 16 տարեկան էր: Այդ ժամանակ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը Քրիստոֆ Գալտյեն էր, որը սիրում էր հնարավորություն տալ երիտասարդ խաղացողներին:

Զաիր-Էմերիի տաղանդն աննկատ չմնաց, ու ֆուտբոլիստը սկսեց Լիգա 1-ում բավարար խաղաժամանակ ստանալ: Նա կատարելագործեց իր խաղն ու այժմ համարվում է Ֆրանսիայի առաջնության ամենակրետիվ ֆուտբոլիստներից: 2024/25 մրցաշրջանում Զաիր-Էմերին անցկացրել է 3 հանդիպում ու խփել է 1 գոլ:

Էլիես Բեն Սեղիր - «Մոնակո»

«Մոնակոյի» վունդերկինդի առաջընթացը նախորդ մրցաշրջանում մի փոքր դանդաղել էր: Ֆուտբոլիստին հանգիստ չէին տալիս վնասվածքներն ու այդ պատճառով Բեն Սեղիրը Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 13 հանդիպում: Նոր մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է «Մոնակոյի» երեք հանդիպումներին էլ ու թողել է բավական լավ տպավորություն: Բեն Սեղիրը բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է ու կարող է խաղալ տարբեր դիրքերում (աջ վինգեր, ենթահարձակվող, կենտրոնական հարձակվող):

Բեն Սեղիրից նոր մրցաշրջանում սպասելիքները շատ մեծ են և, եթե ֆուտբոլիստի դուռը կրկին չթակեն վնասվածքները, ապա նա կարող է լուրջ զարգացում գրանցել իր խաղում և մեծ օգուտ տալ մոնեգասկներին:

Ժոաու Նևեշ – ՊՍԺ

Ամառային տրանսֆերային պատուհանին Ֆրանսիայի 12-ակի չեմպիոնի կազմ տեղափոխվեց պորտուգալական «Բենֆիկայի» 19-ամյա կիսապաշտպան Ժոաու Նևեշը: Այս ֆուտբոլիստը համարվում է պորտուգալական  ֆուտբոլի «ադամանդներից» ու նրա փայլը հասցրել էր տարածվել ամբողջ Եվրոպայում դեռ նախորդ մրցաշրջանում: Նևեշի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», բայց կիսապաշտպանի համար պայքարում ավելի համառ էր Լուիս Էնրիկեի գլխավորած ՊՍԺ-ն: Փարիզցիները Նևեշի համար «Բենֆիկային» վճարեցին շուրջ 60 միլիոն եվրո: Նևեշը հենակետային կիսապաշտպան է, բայց հաշվի առնելով ՊՍԺ-ի խաղաոճը՝ պորտուգալացու խաղը մի փոքր ձևափոխվել է: Նա Լիգա 1-ում արդեն անցկացրել է 3 հանդիպում ու կատարել է 4 գոլային փոխանցում: ՊՍԺ-ում 19-ամյա ֆուտբոլիստն ավելի հաճախ է հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում կամ դրա մատույցներում, հրաշալի փոխանցումներ է բաժանում խաղընկերներին, երբեմն էլ փորձում է լինել եզրափակողի դերում: Լուիս Էնրիկեի գլխավորությամբ այս ֆուտբոլիստը կարող է կատարելագործվել և դառնալ եվրոպական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից:

Անդրեյ Սանթոս - «Ստրասբուր»

«Ստրասբուրում» է հանդես գալիս բրազիլացի երիտասարդ տաղանդ Անդրեյ Սանթոսը: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»: 20-ամյա կենտրոնական կիսապաշտպանը Ֆրանսիայի առաջնությունում է խաղում 2023/24 մրցաշրջանի հունվարից: «Չելսի» տեղափոխվելուց հետո նա վարձավճարով ուղևորվեց «Նոթինգհեմ Ֆորեսթ», բայց Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրեց միայն 1 հանդիպում: Սանթոսը հասկացավ, որ իր կարիերայում զարգացում գրանցելու լավագույն տեղը «Տաղանդների լիգան» է ու համալրեց «Ստրասբուրի» շարքերը: Բրազիլացին կենտրոնական կիսապաշտպան է, բայց հաճախ է մասնակցում թիմի գրոհների ավարտական փուլերին և ունի հրաշալի գոլային հոտառություն: Լիգա 1-ի նոր մրցաշրջանում Անդրեյ Սանթոսն անցկացրել է 2 հանդիպում և խփել է նույնքան գոլ:

Մալիկ Ֆոֆանա - «Լիոն»

Բելգիական «Գենտից» Ֆրանսիայի առաջնություն տեղափոխված հրաշամանուկ Մալիկ Ֆոֆանան կամաց-կամաց հարմարվում է Լիգա 1-ին: Ֆոֆանան ու Գիֆթ Էմանուել Օրբանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Գենտից» ուղևորվեցին «Պարկ Օլիմպիկ Լիոն»:

Ֆոֆանան ձախ վինգեր է և մրցակիցներին լուրջ սպառնալիք դառնալու համար ունի մեծ նախադրյալներ: Նա «Գենտում» հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում և այդ թիմի առաջատարներից էր: Ֆոֆանան «Լիոնում» դեռ չի ամրագրել տեղը մեկնարկային կազմում, բայց խաղաժամանակ ստանալու դեպքում նվիրված և վառ ֆուտբոլ է խաղում: Նա շատ ճկուն է, տիրապետում է լավ փոխանցումների, ունի արագություն: Եթե վինգերը կարողանա բարելավել իր որակները, ապա կարող է հայտնվել եվրոպական ավելի ուժեղ ակումբների թիրախում: Ֆոֆանան նոր մրցաշրջանում հասցրել է 1 գոլային փոխանցում կատարել ու օգնել իր թիմին 4-3 հաշվով առավելության հասնել «Ստրասբուրի» նկատմամբ:

Դեսիրե Դուե – ՊՍԺ

Այս շարքում չէր կարող իր հաստատուն տեղը չունենալ ՊՍԺ-ի նորեկ Դեսիրե Դուեն: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Հետաքրիքր է, որ Լուիս Էնրիկեն «Մոնպելյեի» դեմ հանդիպման (6-0) նախախաղային ասուլիսին նշել էր, որ ակումբը տրանսֆերներ կատարելիս առաջնորդվում է ոչ թե ֆուտբոլիստների տարիքով, այլ՝ նրանց ցուցադրած խաղով: Այնպես եղավ, որ այս տրանսֆերային պատուհանին ՊՍԺ տեղափոխվեցին միայն երիտասարդ խաղացողներ: Դեիրե Դուեն ունիվերսալ է: Նա կարող է գործել հարձակման գծի բոլոր դիրքերում և կատարել կենտրոնական կիսապաշտանի պարտականություններ: Դա նրա խաղի գլխավորղ բաղադրիչն է, որը գրավել է Լուիս Էնրիկեին:

Գիյոմ Ռեստ - «Թուլուզ»

«Թուլուզի» 19-ամյա դարպասապահ Գիյոմ Ռեստը Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում անցկացրեց 34 հանդիպում: Ռեստը 18 տարեկանում դարձավ իր թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ ու տպավորեց բոլորին գրավիչ խաղով: Ֆրանսիացին բավական արագ տեմպով է առաջընթաց գրանցում: Նախորդ մրցաշրջանի մեկնարկի համեմատ այս խաղաշրջանում դարպասապահը ձեռք է բերել լրացուցիչ վստահություն, կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել լարված իրավիճակներում, հաճախ էլ երկար փոխանցումների միջոցով սկսում է իր թիմի գրոհները: Ռեստը լավ է խաղում ոտքով, բայց եվրոպական թոփ թիմերի մակարդակի հասնելու համար դեռ պետք է ավելի բարձր նշաձողի հասցնի այդ որակը, քան հիմա է: Հաշվի առնելով «Թուլուզի» խաղաոճը՝ երիտասարդ դարպասապահից այդ հատկանիշը հղկելու համար երկար ժամանակ չի պահանջվի: Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռեստը Լիգա 1-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող (18 միլիոն եվրո) դարպասապահներից է:

Լամին Կամարա - «Մոնակո»

Ամառային տրանսֆերային պատուհանին «Մոնակոյից» հեռացավ նախորդ մրցաշրջանում թիմի կիսապաշտպանական գծի առաջատարներից Յուսուֆ Ֆոֆանան: Նրան փոխարինելու համար Ֆրանսիայի 8-ակի չեմպիոնի կազմ եկավ «Մեցի» կիսապաշտպան Լամին Կամարան: Սենեգալցին նախորդ մրցաշրջանում Բոլոնիի գլխավորած թիմի լավագույն ֆուտբոլիստներից էր: «Մեցը» չկարողացավ տեղը պահել Ֆրանսիայի վերնախավային առաջնությունում, բայց առաջատար մի քանի ֆուտբոլիստներ մնացին Լիգա 1-ում: Լամին Կամարան հսկայական քայլ առաջ կատարեց՝ տեղափոխվելով «Մոնակո», ու նրանից այս մրցաշրջանում սպասելինքերը մեծ են: Կիսապաշտպանը յուրաքանչյուր խաղում էլ մեծ ծավալի աշխատանք է կատարում, գիտի լավ պաշտպանվել, կարողանում է սկսել գրոհներ և տիրապետում է շատ լավ հարվածների: Նա ընդամենը 20 տարեկան է, բայց բավական սառնասիրտ ֆուտբոլիստ է, և այդ փաստը Կամարային հնարավորություն է տալիս  արագ չազատվել գնդակից, դիմել ռիսկային գործողությունների ու կառավարել հանդիպման ընթացքը:

Յուսուֆա Մուկոկո - «Նիս»

Ամռան ամենաանսպասելի տրանսֆերներից էր Յուսուֆա Մուկոկոյի տեղափոխությունը «Նիս»: Կային սպասելինքեր, որ Մուկոկոն նոր մրցաշրջանում կայուն խաղամանակ է ստանալու Դորտմունդի «Բորուսիայում», սակայն գերմանական ակումբի ղեկավարությունը որոշեց Մուկոկոյին վարձավճարով ուղարկել «Նիս»: Նա կենտրոնական հարձակվող է, բայց կարող է խաղալ նաև «10 համարի» դիրքում: «Նիսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Էզը սիրում է շանս տալ երիտասարդ խաղացողներին: Նա նաև կարողանում է տեսնել ֆուտբոլիստների «թաքնված տաղանդները», և բացառված չէ, որ ֆրանսիացի մասնագետը Մուկոկոյի համար նոր դիրք «հորինի»: «Նիսի» հարձակման գծում մրցակցությունը մեծ է, ինչը նշանակում է, որ թիմի նորեկը պետք է շատ պայքարի՝ «Լազուրի արծիվների» մեկնարկային կազմում լինելու համար:  

Էթան Մբապե - «Լիլ»

Դե էլ ինչ Լիգա 1՝ առանց Մբապեի: Սակայն, այս դեպքում գլխավոր հերոսը Կիլիանը չէ, այլ՝ Էթանը՝ Մադրիդի «Ռեալի» նորեկի կրտսեր եղբայրը: Մբապեները նոր մրցաշրջանից առաջ հեռացան ՊՍԺ-ից: Մեկը գնաց և իրականացրեց մանկության երազանքը, մյուսն էլ՝ մնաց Ֆրանսիայի առաջնությունում, բայց տեղափոխվեց թիմ, որը նրան խաղաժամանակ է տրամադրում: Էթանն արդեն հասցրել է մեկ անգամ լինել «Լիլի» մեկնարկային կազմում՝ օգնելով թիմին 2 անպատասխան գնդակ ուղարկել առաջնության նորեկ «Անժեի» դարպասը: Էթանը կենտրոնական կիսապաշտպան է՝ միտված հարձակմանը: Նա հաճախ է հայտնվում մրցակիցների տուգանային հրապարակում ու փորձում է լինել նաև գրոհների եզրափակող:

Մբապեն «Անժեի» դեմ խաղում բաց թողեց գոլ խփելու մեկ հրաշալի հնարավորություն: Ամեն դեպքում, Մբապե կրտսերի ամենաուժեղ հատկանիշը փոխանցումներ բաժանելու տաղանդն է: Նա կարողանում է ճիշտ տեմպ հաղորդել իր թիմի գրոհներին, կատարել կրեատիվ փոխանցումներ, հաճախ է նախընտրում «օգնության կանչել» երկար փոխանցումներին: Թյուր կարծիք է, որ Էթանի մասին խոսակցությունները շատ են, քանի որ նա Կիլիանի եղբայրն է. իրականում «Լիլի» նորեկը շնորհալի ֆուտբոլիստ է ու կարող է լինել ավելին, քան ՊՍԺ-ի պատմության գլխավոր ռմբարկուի կրտսեր եղբոր կոչումն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ