Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) երեք հաղթանակ է տարել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Zagreb Open միջազգային մրցաշարում և նվաճել եզրափակիչի ուղեգիր։
Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 12-1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Խազամատ Արսամերզուևին, քառորդ եզրափակիչում 5-2 հաշվով ուժեղ է գտնվել ամերիկացի Զոզեֆ Մաքենայից, իսկ կիսաեզրափակիչում շանս չի տվել 2023թ․ աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվերային՝ 9-1։
Եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակիցը կլինի 2022թ․ աշխարհի չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադը։ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Զագրեբի մրցաշարում, որին մասնակցում է 550 ըմբիշ։
Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2023թ․ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու շնորհիվ։