«Յուվենտուսը» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում՝ հրաժեշտ տալով Կրիշտիանու Ռոնալդուին, որը մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
«2018 թվականի հուլիսի 10-ին եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի երկու խորհրդանիշ միավորվեցին. Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Այսօր՝ միասին 3 տարի անցկացնելուց, 133 խաղից, 101 գոլից ու 5 տիտղոսից հետո, պատմությունն ավարտվեց: Կրիշտիանու Ռոնալդուն ու «Յուվենտուսը» կընթանան այլ ճանապարհներով:
Այն օրը, երբ Ռոնալդուն ժամանեց Թուրին, օդում զգալի էր այդ ֆանտաստիկ օրերի էլեկտրական զգացողությունը: «Յուվենտուսի» երկրպագուները նրան ընդունեցին արքայավայել՝ անհամբերությամբ սպասելով նրան խաղադաշտում տեսնելու ու նրա հետ ուրախանալու հնարավորությանը: Հիանալի պատմություն էր:
Միասին ապրած անմոռանալի պահերը շատ էին: Մենք կարող ենք պատմել ամեն մի պատմություն, բայց չենք անի, քանի որ յուրաքանչյուրն ունի իր սեփական հիշողությունը Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ: Բոլորն ունեն նրա հետ կապված ընդհանուր զգացողություններ, ու բոլորը միշտ կհիշեն, թե ինչ զգացողություններ կային, երբ միասին էինք անցնում մեր ճանապարհը:
Այսօր խզվել է երեք տարի առաջ ծնված այդ կապը, բայց այն, ինչ գրվել է, միշտ կմնա: Անհավանական ճանապարհորդություն էր»,- գրել է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

