Logo

Յուսուֆ Օտուբանջոյի պատմական ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:56 / 12.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում գրավելով «Գանձասարի» դարպասը, Յուսուֆ Օտուբանջոն ոչ միայն նպաստեց իր թիմի կամային հաղթանակին, այլև պատմական նվաճման հասավ: Դա «Արարատ-Արմենիայում» և «Փյունիկում» ակումբային բոլոր մրցաշարերում նիգերիացի հարձակվողի խփած 87-րդ գոլն էր, որի շնորհիվ նա դարձավ Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Օտուբանջոն գերազանցեց բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս «Արարատում» և «Փյունիկում» խաղալիս ակումբային բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ 86 գոլ էր խփել:    

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 7-ին «Գանձասարի» հետ առաջնության խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ, Օտուբանջոն Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրել էր 76-ի ու գերազանցել էր Մարկոս Պիզելիի արդյունավետության ռեկորդը: Նա դարձել էր ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:

Յուսուֆ Օտուբանջոն Հայաստանում ելույթները սկսել է 2019/20թթ. առաջնության գարնանային հատվածում: Նրա նորամուտն «Արարատ-Արմենիայի» կազմում շատ տպավորիչ ստացվեց: 2020թ. մարտի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում նիգերիացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ:

Նորամուտի խաղից Օտուբանջոն իր հաստատուն տեղը զբաղեցրեց Վարդան Մինասյանի թիմի մեկնարկային կազմում և լիովին արդարացրեց մարզչի վստահությունը: Առաջնության 13 հանդիպումներում Օտուբանջոն 7 անգամ խոցեց մրցակիցների դարպասը՝ դառնալով գարնանային հատվածում թիմի լավագույն ռմբարկուն: Իսկ առաջնության արդյունքներով նրա ցուցանիշը զիջում էր միայն Մաիլսոն Լիմային, որը 26 հանդիպումներում 8 գոլի հեղինակ էր դարձել:

2021թ. մարտի 7-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, Յուսուֆ Օտուբանջոն Բարձրագույն խմբում 11-րդ գոլն էր խփել և դարձել էր ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի ֆուտբոլիստը: Նա մեկ գնդակով գերազանցել էր Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը:

2020/21թթ. մրցաշրջանում Յուսուֆ Օտուբանջոն առաջին անգամ ճանաչվեց   առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 10 գոլ: Հաջորդ մրցաշրջանում նիգերիացի հարձակվողը կրկնեց իր արդյունքն «Արարատ-Արմենիայի» կազմում, սակայն առաջնության գարնանային հատվածում թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն սկսեց ավելի քիչ խաղաժամանակ տրամադրել ֆուտբոլիստին, իսկ վերջին 7 խաղերում Օտուբանջոն ընդհանրապես խաղադաշտ դուրս չեկավ:

Տեղափոխվելով «Փյունիկ», Յուսուֆ Օտուբանջոն արդյունավետ խաղով լիովին վարձահատույց եղավ Եղիշե Մելիքյանին թիմ հրավիրելու և իր հանդեպ ցուցաբերած վստահության դիմաց՝ 17 գնդակով Լուկա Յուրիչիչի հետ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: Նա այդ մրցաշրջանում ակումբային բոլոր մրցաշարերում իր հաշվին 21 գոլ գրանցեց՝ 3 անգամ աչքի ընկնելով Եվրագավաթներում, 1 գնդակ էլ խփելով ՀՀ գավաթի խաղում:

2023/24թթ. առաջնությունում «Փյունիկի» հարձակվողը կրկին դրսևորեց ռմբարկուի իր հատկանիշներն ու արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ դառնալով 21 գոլի հեղինակ: Նա ընդամենը 2 գոլով զիջեց առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանին:

Ընթացիկ մրցաշրջանում էլ Օտուբանջոյի գործերը վատ չեն ընթանում: Նրա հաշվին արդեն 15 գոլ է գրանցված՝ 13-ը՝ Fastex Պրեմիեր լիգայում, 2-ը՝ Եվրագավաթներում: Նման տեմպերով շարունակելու դեպքում Օտուբանջոն հաջորդ մրցաշրջանում անպայման կհատի հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում 100 գոլի սահմանագիծը:

Իսկ մինչև այդ, FastNews-ը ներկայացնում է հայկական թիմերում ակումբային բոլոր մրցաշարերում (Ա-առաջնություն, Գ-գավաթ, Ս-Սուպերգավաթ, Ե-Եվրագավաթ) խփած գոլերի ընդհանուր քանակով ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

Ս

Ե

ԸՆԴ

1. Յուսուֆ Օտուբանջո

78

4

-

5

87

2. Մարկոս Պիզելի

75

8

1

2

86

3. Ջոնել Դեսիրե

49

3

-

-

52

4. Սերժ Դեբլե

44

-

1

2

47

5. Տենտոն Յենե                  

40

2

1

2

45

6. Մորի Կոնե

36

7

-

2

45

7. Ալեքս Էնրիկե դա Սիլվա

36

6

-

1

43

8. Մաիլսոն Լիմա

33

1

2

5

41

9. Մամադու Դիավարա

26

12

-

2

40

10. Արա Եվդոկիմով

35

4

-

-

39

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ