Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը պետք է վերախաղարկվի, քանի որ մրցավարները սխալմամբ չեն արձանագրել Լուիս Դիասի խփած գոլը:
«Ես մրցավարների վրա չեմ զայրանում, նրանք սխալվեցին և ես վստահ եմ, որ խաղից հետո իրենց սարսափելի էին զգում, բայց ինձ համար կարևոր է արդյունքը: Արդարացի կլինի, եթե հանդիպումը նորից կայանա», - բելգիական «Յունիոնի» դեմ Եվրոպա լիգայի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպման 34-րդ րոպեին մրցավարները խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկել էին Լուիս Դիասի խփած գոլը:
Խաղից հետո Անգլիայի պրոֆեսիոնալ խաղերի պաշտոնական խորհուրդը (PGMOL) «Լիվերպուլին» էր տրամադրել հանդիպման մրցավար Սայմոն Հուպերի և VAR-ի մրցավարներ Դարեն Ինգլենդի ու Դեն Քուկի միջև հաղորդակցության ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ մրցավարները միմյանց սխալ են հասկացել և խաղից դուրս վիճակ չպետք է արձանագրվեր:
«Խաղի ամբողջականությունը խաթարվել է, ակումբը կուսումնասիրի առկա տարբերակները և հանդես կգա խնդրի լուծման հստակ տարբերակներով», - նշված է «Լիվերպուլի» տարածած հաղորդագրությունում: