Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու հնարավորությունները:
«Չեմ կարծում, թե Սպերցյանը հոգեբանորեն կընկճվի, եթե այս ամառ չտեղափոխվի եվրոպական առաջնություն: Դա նրան կօգնի: Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ «Կրասնոդարն» ավելի բարձրակարգ ակումբ է դարձել և սա այն «Կրասնոդարը» չէ, որտեղ ես խաղում էի:
Հիմա այս ակումբը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, և Սպերցյանը կատարելագործվելու ժամանակ ունի: Էդիկը հիմա այնպիսի տարիքում է, որ դրա ժամանակն ունի: Նա վստահություն կհավաքի, իսկ հետո կարող է տեղափոխվել Եվրոպա:
Եկեք չշտապենք: Նա շատ լավ գիտի՝ ինչ անել: Եթե այսօրվա դրությամբ նա հնարավորություն ունենար տեղափոխվելու մի ակումբ, որտեղ կայուն խաղաժամանակ կստանար, ես համաձայն կլինեի: Նա չպետք է այսօր հեռանա պարզապես նրա համար, որ ասեն՝ տեղափոխվեց Եվրոպա և նստեց պահեստայինների նստարանին: Նա պետք է կայուն խաղաժամանակ ստանա:
«Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը նույնպես իրատեսական է, ինչո՞ւ ոչ: Այդ ակումբները գիտեն «Կրասնոդարի» տեղը: Եթե հիմա նա տեղափոխվի երկրորդ կարգի ակումբ, որը խաղում է Եվրոպա լիգայում և նստի պահեստայինների նստարանին, ապա ի՞նչ իմաստ կա տեղափոխվելու:
Իսկ եթե նա տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» և կայուն խաղա, ապա ոչինչ չեմ կարող ասել: Սպերցյանը հիմա առաջատար է ակումբում և Հայաստանի հավաքականում: Հաջորդ մրցաշրջանում նա ավելի վստահ կխաղա և կկարողանա տեղափոխվել եվրոպական առաջնություն»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Ավարտված մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել էր 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ նա 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել էր ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում՝ երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։