Logo

Ընտրյալները. NBA-ի դրաֆթը` մեդալի երկու կողմից

Հեղինակ
Վահե Գևորգյան
17:33 / 03.07.2024Հոդվածներ
Բացառիկ
null

60 անուն, 60 թաքնված կամ միգուցե արդեն բացահայտված տաղանդ: Կայացավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2024 թվականի դրաֆթը: Այս դրաֆթ-սեթն ավելի քան եվրոպական էր: Առաջին անգամ դրաֆթի թոփ-10-ում ընտրվեցին միանգամից 3 ֆրանսիացիներ:

Զաքարի Ռիսաշե 

Այս տարվա դրաֆթն ինտրիգային էր առաջին համարի տեսանկյունից: Եթե անցած տարի նույնիսկ փչացած արդուկը գիտեր, որ «Սան Անտոնիո Սփյորսն» ընտրելու է Վիկտոր Վեմբանյամային, ապա այս տարի այդ կոչման համար պայքարում էին Զաքարի Ռիսաշեն, Ալեքս Սարը և Դոնովան Քլինգանը: Ֆրանշիզայի պատմության մեջ առաջին անգամ առաջին համարով ընտրում էր «Ատլանտա Հոուքսը» և ընտրությունը կանգ առավ ֆրանսիական «Բուրի» հարձակվող Զաքարի Ռիսաշեի վրա:

2 մետր 3 սմ հասակով Ռիսաշեն ունի լիգայու լավագույն սքորեր-հարձակվողներից մեկը դառնալու ներուժ: 19-ամյա ֆրանսիացին միջինում վաստակում է 11 միավոր, տիրում 4 անդրադարձի, կորագծից նետում 38,7 տոկոս արդյունավետությամբ:

Ուժեղ կողմեր

  • Առանց գնդակի հիանալի տեղաշարժեր, խաբքեր
  • Ունակություն նետել ճնշման ներքո բարձր արդյունավետությամբ (Կորագծից ճնշման ներքո 40 տոկոս արդյունավետություն)
  • Պաշտպանություն մանրահատակի յուրաքանչյուր հատվածում, գնդակով խաղարկողից մինչև ներկի գոտուց դուրս գտնվող բիգմենի դեմ
  • Սեփական օղակից մինչև մրցակցի օղակ գնդակը տանելու կարողություն, պաշտպանությունում անցքեր գտնելու և ներկի գոտի ներխուժելու յուրօրինակ տաղանդ (60 տոկոս արդյունավետությամբ)
  • Շատ լավ է կատարում փոխարինումը պաշտպանությունում, կարդում է մրցակցի գրոհներն ու ժամանակին բավական մեծ հատված է փակում պաշտպանությունում, կատարելով հիմնականում խլումներ (միջինում 0,7)

Թույլ կողմեր

  • Առաջին տարբերակը չէ հարձակման գծում, դժվարանում է 1-ը 1-ի դեմ շրջանցել մրցակցին, դրիբլինգն ու փոսթ-ափում աշխատանքը կաղում է
  • Նետումը շարժման ընթացքում կատարելագործելու կարիք ունի
  • Երբեմն չի նկատում խաղընկերներին, չափից շատ է պահում գնդակն ու կատարում ռիսկային փոխանցումներ
  • Ֆիզիկական տվյալները թույլ չեն տալիս լինել օղակի տակ պաշտպանվող լավագույն տարբերակը, երբեմն մրցակցի բիգմենները նրան ուղակի մի կողմ են հրում ու նետում

Հենց Ռիսաշեի ուժեղ ու թույլ կողմերը հաշվի առնելով՝ «Հոուքսում» որոշեցին պահել Թրեյ Յանգին և թրեյդել Մըրեյին, որի կարողությունները հիմնականում համընկնում էին Ռիսաշեի ունակությունների հետ: Իսկ Զաքարիի թերությունները կարող են փակել Յանգն ու Ջեյլեն Ջոնսոնը, մեկն արտակարգ է նետում հեռվից, մյուսը՝ պաշտպանվում օղակի տակ ու ներկի գոտում, հարձակման գծում էլ հիանալի փիք-ն-ռոլի մասնակից է:

Ալեքս Սառ

Դրաֆթի երկրորդ համարով մայրաքաղաքային «Վաշինգտոն Ուիզարդս» ուղևորվեց Ալեքս Սառը՝ ևս մեկ ֆրանսիացի: Աթլետիկ բիգմեն, որն ավարտված մրցաշրջանն անցկացրել էր Ավստրալիայի NBL լիգան ներկայացնող «Փերթ Ուայլդքեթսում»՝ միջինում վաստակելով 9,7 միավոր, տիրելով 4,4 անդրադարձի և կատարելով 1,3 բլոք-շոթ:

Ուժեղ կողմեր

  • Գլխավոր կարողությունը՝ «Ունիվերսալ զինվոր» պաշտպանությունում, կենտրոնականի չափսերով ու խաղարկողի տեղաշարժով Սառը կարող է փոխվել 1-5 դիրքերում, պաշտպանության ընթացքում
  • NBL-ի լավագույն պաշտպանվող բասկետբոլիստներից մեկը, օղակի տակ դիմավորում է յուրաքանչյուր հասակի ու կարողության մրցակցի
  • Խախտումներ գրեթե թույլ չի տալիս, զգուշավոր է, մաքուր է խաղում պաշտպանությունում՝ առանց ավելորդ հպումների
  • Գուշակում է հնարավոր փոխանցումների ուղղությունները, տեղաշարժվում պաշտպանական գծերի միջև, կատարում խլումներ
  • Եվս մեկ հնարավոր cost-to-cost խաղացող, արագ է, հիանալի է գործում հակագրոհների ու արագ գրոհների ընթացքում, երբեմն հիշեցնում է Յանիս Ադետոկունբոյին` ուղղակի ավելի լավ տեղաշարժով

Թույլ կողմեր

  • Նետումները կորագծից ցածր տոկոսային հարաբերակցություն ունեն, ընդունումից դժվարանում է նետում կատարել, չի փայլում նետումային տեխնիկայով
  • Լավագույն ռեբաունդերը չէ, սխալ է ընտրում դիրքը անդրադարձեր վերցնելու համար, գրեթե չի կատարում բոքս-աութներ
  • Զինանոցում ֆլոուտերներ ու հուքեր չունի, ձախ ձեռքն ուղղակի օգտագործում է իբրև ձեռքը պարզելու ու տարածություն փակելու միջոց (Ջեյլեն Բրաուն 2.0)
  • Կարիերայի մեկնարկում դժվար թե խաղա կենտրոնականի դիրքում փոսթ-ափերի ընթացքում կհայտնվի դիտորդի դերում, կարևոր է ճիշտ դիրքում նրան խաղացնելն ու զարգացնելը

«Ուիզարդսում» ինչպես միշտ ռիսկի են դիմում: Կարդարացվի՞ դա արդյոք, դժվար է ասել: Բայց, եթե Սառը բարելավի կարողությունները, միգուցե մենք նոր Յանիս կամ Դևիս տեսնենք: Եթե ոչ, Ջորդան Փուլի հետ Shaqtin a Fool-ում հայտնվելու հնարավորությունը մեծ է:

Ռիդ Շեփարդ

«Հյուսթոն Ռոքեթսը» դրաֆթում վերցրեց այն, ինչ իրենց պետք էր: Շութեր, 3-միավորանոցների վարպետ՝ անոմալ արդյունավետությամբ: Եվ այո, Դոնովան Քլինգանը լավագույն եռյակում անգամ չեղավ: «Հրթիռներն» ընտրեցին «Կենտուկիի» ֆրեշմեն Ռիդ Շեփարդին: 52,6 տոկոս 3-միավորանոց կորագծից NCAA-ի ավարտված մրցաշրջանում, 52,6 Կառլ... և սա դեռ ամենը չէ։

Ուժեղ կողմեր

  • 100 վարման ընթացքում 8 և ավելի դիպուկ նետում կորագծից
  • Լավ տեղաշարժեր, նետման համար դիրք ընտրելու գերազանց կարողություն
  • Ճիշտ պահին գտնում է քլոզաութներ, ներխուժում ներկի գոտի
  • Էգոիզմ չունի՝ միջինում 4,5 ասիստ (շութինգ-գարդի համար բավական բարձ ցուցանիշ)
  • Ունակ է փիք-ն-ռոլների ընթացքում ճիշտ թայմինգով փոխանցումներ կատարել
  • Լավ է ապահովագրում, ճիշտ պահին գնում է դաբլթիմի, կարողանում է խլումներ կատարել ու պաշտպանվել կորագծի վրա

Թույլ կողմեր

  • Հիմանականում կորցնում է գնդակը կրկնակի պաշտպանության (դաբլ-թիմի) դեպքում
  • Բոլհենդլերները հիմանակնում նրան հեշտությամբ են անցնում
  • Մրցակցին շրջանցելուց հետո միշտ չէ, որ հաջող է եզրափակում գրոհը, իրեն ավելի լավ է զգում առանց շարժման ստացմամբ գնդակներ նետելիս
  • Երբեմն չափից դուրս մեծ ռիսկի է դիմում՝ պաշտպանությունում կորցնելով դիրքն ու տարածություններ բացելով մրցակցի համար

Դրաֆթի առաջին ռաունդում առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև ևս մի քանի տաղանդավոր նորեկների: Առաջին երկու անուններն անուղղակիորեն կապված են «Սան Անտոնիո Սփյորսի» հետ:

Սթեֆոն Քեսլ

Դերիկ Ուայթ, Ջեյլեն Սագզ, Ջոշ Հարթ․ նրա խաղը նմանեցնում են հենց այս բասկետբոլիստների խաղին: Համալասարանական չեմպիոն «Կոնեկտիկուտի» ֆրեշմեն Սթեֆոն Քեսլը դրաֆթի հնարավոր բացահայտումներից մեկն է: Աթլետիկ գարդ, որն ունակ է պաշտպանությունում 3 դիրք փակել, դահիճ է փիք-ն-ռոլերի ընթացքում: Նրա ու Դոնովան Քլինգանի դուոն անկասելի էր «Մարտյան խելագարության» ընթացքում: Հիանալի դրիբլինգ ունի, կարողանում է էֆեկտիվ ներխուժել ներկի գոտի, 54,4 տոկոս արդյունավետությամբ նետում է խաղից:

Ռոբ Դիլինգեմ

«Սփյորսը» նրան ընտրեց 8-րդ համարով և 2 դրաֆթ-փիքի փոխարեն ուղարկեց «Մինեսոտա Թիմբերվուլվզ»: «Գայլերը» կատարեցին թերևս դրաֆթի գլխավոր steal-երից մեկը: Դիլինգեմի պոտենցիալն անհավանական է, իսկ նրա դուոն Էնթոնի Էդվարդսի հետ՝ սարսափեցնող: Մինեսոտայում գիտեին, որ Մայք Քոնլին արդեն վաղուց հատել է նույնիսկ վետերան համարվելու շեմը, նրանց աթլետիկ ու դինամիկ պաշտպան էր պետք, որն անվախ է, արագ ու արդյունավետ: Դիլինգեմը հենց այդպիսին է:

Հյուսիսային Կառոլինայի Հիկորի քաղաքում ծնված Ռոբը մանկուց Street Basketball-ի աստղ է եղել, նրա ունակություններն ու գեղեցիկ խաղը երբեմն հիշեցնում են օլդսքուլային աստղերին՝ Ալեն Այվերսոնին ու Դերիկ Ռոուզին: Եթե դրան էլ գումարենք կոստյումը, որը լավագույնն էր դրաֆթում, Դիլինգեմն իրոք կդառնա լավագույն ընտրություններից մեկը:

Մատաս Բուզելիս

Մինչև վնասվածք ստանալը լիտվացի բասկետբոլիստը դրաֆթի թոփ-3-ում էր, բայց նահանջեց մինչև 11-րդ տեղ: Նրան ընտրեց «Չիկագո Բուլզը»: Մատասը խաղալու է հարազատ քաղաքի թիմում, որտեղ ծնվել ու մեծացել է:

2 մետր 8 սմ հասակով բասկետբոլիստը համատեղում է ֆիզիկական տվյալներն ու գնդակի հետ վարվելու նուրբ ունակությունը: Նա հիանալի պաշտպան է սեփական օղակի տակ և վտանգավոր հարձակվող մրցակցի օղակի մատույցներում: Բուզելիսը կարողանում է ճիշտ դիրք զբաղեցնելու շնորհիվ տիրել անդրադարձերին, ինչպես նաև միջինում 1,3 բլոկ-շոթ է կատարում:

Դրաֆթի գլխավոր հարցականները

Ռոն Հոլանդ

Չգիտեմ, թե դեռ ինչպես Քեյդ Քանինգեմի ու «Դեթրոյտ Փիսթոնսի» երկրպագուների նյարդերը տեղի չեն տվել, բայց «Ուրվական քաղաքի» թիմը շարունակում է տհաճորեն զարմացնել: Արդեն րորերորդ անգամ «Փիսթոնսն» ընտրում է աթլետիկ, արագ, բայց առանց նետման խաղացողի: Այս անգամ այդ մեկը 5-րդ համարով ընտրված Ռոն Հոլանդն է: «Իգնայթի» բասկետբոլիստն ամեն ինչ ունի աթլետիկ դանքեռ համարվելու համար, բայց ինչ պետք է անի «Փիսթոնսը» Ջեյդեն Այվիին, Օսար Թոմփսոնին, Ջեյլեն Դյուրենին և Ռոն Հոլանդին միասին ռոտացիայում օգտագործելու համար, դժվար է ասել:

Թիջան Սալոն

Մենք կփորձենք, բայց դժվար թե ստացվի: Մոտավորապես հենց այս տրամաբանությամբ «Շառլոթ Հորնեթսը» 6-րդ համարով ընտրեց ևս մեկ ֆրանսիացու: Թիջան Սալոնը լավ 3-միավորանոցների տոկոս ունեցող (42 %) վինգ է, որը մյուս բոլոր ասպեկտներում թերևս շատ հետ է լավագույն 10-յակի մյուս բասկետբոլիստներից: Հորնեթսն ունի Լամելո Բոլ և Բրենդոն Միլեր, կարելի էր քայլ առաջ կատարել ու կազմը հարստացնել ավելի խոստումնալից բասկետբոլիստներով, բայց լեգենդար Մայքլ Ջորդանը մի բան գիտեր, երբ վաճառեց ֆրանշիզան, չէ որ «Շառլոթում» ընտրում են առանց մտածելու (բացառություն են վերը նշված Բոլն ու Միլերը): Ի՞նչ կտա Սալոնը թիմին, դժվար է ասել, ի՞նչ կտա թիմը Սալոնին՝ նույնպես:

Զակ Իդի

«Մեմֆիս Գրիզլիսը» որոշեց Սթիվեն Ադամսին փոխարինել մեկ այլ բիգմենով: Ուղղակի «Ակվամենն» ավելի արագ էր, բարձր այքյուով և փորձված լիգայում խաղալու համար: Կարծում եմ՝ այս ընտրությունն ամբողջովին ընկալելու համար պետք է ուղղակի դիտել «Գրիզլիսի» առաջատար Ջա Մորենթի ինստագրամյան հրապարակումը story բաժնում:

Բրոնի Ջեյմս 

Այո՛, «Լոս Անջելես Լեյքերսն» ընտրեց Լեբրոն Ջեյմսի որդուն, այո՛ NBA-ի պատմության մեջ առաջին անգամ հայր և որդի կխաղան միասին, մեկ լիգայում, մեկ թիմում: Բայց, եթե անկեղծ, առանց Լեբրոնի Բրոնին դժվար թե ընտրվեր դրաֆթում: Ընդամենը կարելի է դիտել աղյուսակ, որը ներկայացնում է վերջին տարիներին դրաֆթի 2-րդ ռաունդում ընտրված խաղացողների միջին ցուցանիշները՝ համեմատելով այն Բրոնի Ջեյսմի սթաթլայնի հետ: Ջեյմս կրտսերը զիջում է նրանց շուրջ 2 անգամ, գրեթե բոլոր ցուցանիշներով:

Ինչևէ, «Լեյքերսը» դրաֆթից ձեռնունայն չի հեռանա: 17-րդ համարով ընտրված Դալտոն Կնեխտը դրաֆթի լավագույն ընդունումից նետող խաղացողն է և հիանալի շութեր, որին Ջեյջեյ Ռեդիկը միանշանակ կօգտագործի ռոտացիայում, դե իհարկե Բրոնի Ջեյմսի հետ միասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա