Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը:
130 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի Հունգարիայի ներկայացուցիչ Դարիուշ Վիտեկի հետ:
63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում թուրք մրցակցին զիջել է Հրաչյա Պողոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում ուկրաինացի մրցակցին պարտվել է Սամվել Գրիգորյանը, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին: Պողոսյանն ու Գրիգորյանն սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանան, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ:
55 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում պարտված Աշոտ Մխիթարյանի մրցակից Գիորգի Տոխաձեն պարտվել է քառորդ եզրափակիչում: Այսպիսով՝ Մխիթարյանն ավարտում է ելույթը մրցաշարում:
Իսկ ահա 87 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Թադևոսյանին հաղթած վրացի ըմբիշը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: Եզրափակիչ դուրս գալու դեպքում Թադևոսյանը կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք: