Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը: Այսօր մրցումային երկրորդ օրն է:
60 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթանակով մեկնարկելուց հետո Տիգրան Մինասյանը նույն՝ 8-0 հաշվով հաղթել է նաև 1/8 եզրափակիչում և քառորդ եզրափակիչում կմրցի թուրք Քերեմ Քամալի հետ:
67 կգ քաշային կարգի որակավորման փուլում պարտվել է Սամվել Աղաջանյանը՝ դուրս մնալով հետագա պայքարից: Նրան հաղթած ըմբիշը պարտվել է հաջորդ փուլում:
82 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում պարտվել է Գագիկ Հակոբյանը: Նա սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա, եթե ուկրաինացի Դմիտրո Գարդուբեյը դուրս գա եզրափակիչ:
97 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթահարել է Ալբերտ Եղիկյանը: Նա 1/8 եզրափակիչում կմրցի բելառուս Պավել Հլինչուկի հետ:
Քիչ անց 1/8 եզրափակիչից պայքարի մեջ կմտնի 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:
Այսօր ոսկե մեդալի համար կգոտեմարտի 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը: