Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61 կգ) չկարողացավ դառնալ բրոնզե մեդալակիր:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Միքայելյանը 3-3 հաշիվը գրանցեց իրանցի ըմբիշ Էբրահիմ Խարիի հետ: Մրցակիցը հաղթեց վերջին միավորը վաստակելու շնորհիվ:
Երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը:
Տիգրան Ղազարյանը (70 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5-3 հաշվով հաղթել է ամերիկացի Ջոն Ուիլեյին: Քառորոդ եզրափակիչում 0-10 հաշվով պարտվել է ռուսաստանցի Մագոմեդ Ելթեմիրովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Ղազարյանը հոկտեմբերի 27-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի դեմ, հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել նաև Հայկ Պապիկյանը (79 կգ), որը որակավորման փուլում 4-10 հաշվով պարտվել է չինացի Լու Ֆենգին: Պապիկյանին հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ:
Պապիկյանը սփոփիչ գոտեմարտում կհանդիպի ռումինացի Կրիստիան Բիրոյին: