Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Արման Վարդանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Արման Վարդանյանը պայքարն սկսեց որակավորման փուլից և ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց ալբանացի Ամարիլո Լասկային։ 1/8 եզրափակիչում նա նույնպես խնդիրներ չունեցավ և պայքարից դուրս թողեց Նուրսուլթան Բազարբաևին (Ղազախստան)` 10-0, իսկ քառորդ եզրափակիչում 6-3 հաշվով առավելության հասավ կոլումբացի Ռոնալդո Սանչես Ռամիրեսի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 5-14 հաշվով պարտվեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյին։
Ալբերտ Վարդանյանը նույնպես մեկնարկեց որակավորման փուլից ու 8-0 հաշվով հաղթեց էստոնացի Էրիկ Պանկին։ Հետագայում հայ ըմբիշը պայքարից դուրս թողեց նաև չեխ Մարսել Ալբինիին (3-1) ու ղրղզ Էրլան Մանաթբեկովին (8-1)։ Կիսաեզրափակիչում Վարդանյանը գոտեմարտեց ռուս Դիմիտրի Բաբորիկոյի դեմ և պարտվեց 1-9 հաշվով։
Երկու հայ ըմբիշներն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտն անցկացնելու են հոկտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ Մ23 ԱԱ-ի եզրափակիչ են դուրս եկել Շանթ Խաչատրյանն (72 կգ) ու Հայկ Խլոյանը (97 կգ) և հոկտեմբերի 22-ին պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար։