Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
Մեդալային գոտեմարտում Հովեյանը 14-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Սերվան Չինարի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։
Հայ ըմբիշը պայքարն սկսել էր հուլիսի 1-ին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 0-7 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Էրզու Զակրիևին։
67 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը, հաղթելով շվեյցարացի, հունգարացի և ուկրաինացի մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ և հուլիսի 3-ին կպայքարի չեմպիոնի կոչման համար։ Եզրափակիչում նրա մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Հրայր Հովհաննիսյանը։
Հուլիսի 3-ին գորգ դուրս եկած ըմբիշներից Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն պարտվել է ու կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Արշակ Գեղամյանը (97 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։