Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձավ արծաթե, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ)` բրոնզե մեդալակիր։
Տերտերյանը, հաղթելով շվեյցարացի, հունգարացի և ուկրաինացի մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ հուլիսի 4-ին գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Հրայր Հովհաննիսյանի դեմ, սակայն համառ պայքարում պարտվեց 3-4 հաշվով։
Էրիկ Տեր-Մաթևոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-0 հաշվով հաղթել է խորվաթ մրցակցին։ Նախորդ մրցումային օրը հայ ըմբիշը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր։
Բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ուներ նաև Արշակ Գեղամյանը, որը 6-10 հաշվով պարտվեց լեհ ըմբիշին։