Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 առաջնությունում դարձել է փոխչեմպիոն։
Եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել է Իվան Յանկովսկիին (Ուկրաինա)։ Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը 5-2 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչին և 9-0 հաշվով ուժեղ գտնվել Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պետրոս Կուրղինյանից: Կիսաեզրափակիչում նա տուշեով առավելության էր հասել բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։ Այդ գոտեմարտում Կիրակոսյանը պարտվում էր 2-8 հաշվով, սակայն 5 միավորանոց հնարք կատարեց, իսկ հետո մրցակցի թիակները սեղմեց գորգին՝ ստիպելով մրցավարին վաղաժամ ավարտել գոտեմարտը։
Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր` 6-0 հաշվով հաղթելով Սերբիայի ներկայացուցչին։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին մրցագորգ դուրս եկած ըմբիշներից Մարատ Աճեմյանը (45 կգ), Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ) նույնպես դուրս են եկել եզրափակիչ ու պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար, իսկ Արթուր Ամոյանը (71 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։