Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախօրեին որոշել էր 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարն անցկացնել Բաքվում։ Ժամկետները դեռ որոշված չեն, սակայն հայտնի է, որ այդ մրցումը տեղի է ունենալու հաջորդ տարի։ Ադրբեջանի մայրաքաղաքում նման կարևոր մրցաշարի կազմակերպումը հասկանալի դժվարություններ է ստեղծում Հայաստանի ըմբիշների համար։ Այդ կապակցությամբ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչները VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։
«Բաքվում հանդես գալու վերաբերյալ կարող եմ ասել միայն, որ առաջնորդվելու եմ վերադաս ղեկավարության որոշմամբ։ Հասկանալի է, որ հեշտ չի լինելու մրցել այդ երկրում, բայց ամեն ինչի էլ պատրաստ ենք։ Իսկ մասնակցելու հարցը իմ իրավասությունից դուրս է։ Ես զբաղվում եմ միայն թիմի նախապատրաստությամբ»,- ընդգծեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավորող Արմեն Բաբալարյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ հայտարարեց, որ դեռ վաղ է մտածել այդ ուղղությամբ։ «Մինչև Բաքվի մրցաշարը բավականաչափ ժամանակ կա, ուստի դեռ չենք կենտրոնանում այդ հարցին։ Հիմա մեր նպատակն է հնարավորինս լավ մասնակցել աշխարհի առաջնությանը։ Մնացածի մասին կմտածենք ավելի ուշ։ Ինչ խոսք, հեշտ չի լինի ելույթ ունենալ Բաքվում»,- ասաց նա։
Անդրադառնալով սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստության ընթացքին՝ Արմեն Բաբալարյանը հայտնեց, որ հավաքականը հունիսի 29-ից շուրջ 30 մարզիկի մասնակցությամբ ուսումնամարզական հավաք է սկսելու Երևանի «Օլիմպավանում»։ Նպատակն է՝ պահպանել նախորդ շաբաթ ավարտված ծաղկաձորյան հավաքում ըմբիշների ձեռք բերած մարզավիճակը։
Իսկ ազատ ոճի ըմբիշները նոր են սկսել մարզվել Ծաղկաձորում։
«Արդեն մի քանի օր է, ինչ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում։ Այն տևելու է երկու շաբաթ։ Մարզումները միտված են ըմբիշների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը։ Այնուհետև, կարճատև դադարից հետո կշարունակենք նախապատրաստությունը։ Հաջորդ հավաքը, հավանաբար, կանցկացնենք «Օլիմպավանում»։ Մարզումներին ներգրավված է ավելի քան 30 ըմբիշ։ Բոլորի մոտեցումից գոհ եմ, տղաները լավ մարզավիճակում են։ Այս հավաքը հաջորդել է վերջերս Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որին մեր տղաների մասնակցությունից հիմնականում գոհ եմ։ Նկատվեցին որոշ թերություններ, դեռ ժամանակ ունենք տակտիկա-տեխնիկական բնույթի շտկումներ կատարելու համար։ Կաշխատենք լավագույնս պատրաստված ներկայանալ աշխարհի առաջնությանը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։
Հիշեցնենք, որ ըմբշամարտում օլիմպիական առաջին ուղեգրերը խաղարկվելու են 2023թ․ աշխարհի առաջնությունում, յուրաքանչյուր օլիմպիական քաշում՝ 5-ական: Եվրոպայում Օլիմպիական վերջին ուղեգրերը վիճարկվելու են Համաշխարհային վարկանիշային մրցաշարում, որը տեղի կունենա հաջորդ տարի Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:


