Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ եզրափակիչ:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին: Անդրեասյանը Կեմերտելիձեին հաղթել էր նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում:
25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի դեմ գոտեմարտում, իսկ մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուժ Լուսժինսկիին:
Անդրեասյանն ապրիլի 8-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Բաևի հետ:
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։