Logo

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

20:37 / 16.09.2023Ըմբշամարտ
null

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 0-7 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մեդալային գոտեմարտն Անդրեասյանը կանցկացնի սեպտեմբերի 17-ին: Նրա մրցակցի անունը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո, որոնք նույնպես կկայանան սեպտեմբերի 17-ին:

Արման Անդրեասյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակիչում Անդրեասյանը պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին՝ 5-2, իսկ քառորդ եզրափակիչում 5-3 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին:

Մրցումային առաջին օրը պայքարը սկսել էր նաև Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Նորիկ Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 0-5 հաշվով պարտվել էր բելառուս Անդրեյ Բեկրենևին ու դուրս մնացել հետագա պայքարից։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել ևս 5 ըմբիշներ։ Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ հաջորդ օրը։

Հիշեցնենք, աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ