2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Երրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 5-3 հաշվով ուժեղ գտնվեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիից՝ հաղթանակ կորզելով վերջին վայրկյաններին։
Արման Անդրեասյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին, իսկ 1/8 եզրափակիչում պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին՝ 5-2։
Կիսաեզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ալեն Ռեթերֆորդը։
Մրցումային առաջին օրը պայքարը սկսել է նաև Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Նորիկ Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 0-5 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Բեկրենևին ու դուրս մնացել հետագա պայքարից։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել ևս 5 ըմբիշներ։ Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ հաջորդ օրը։
Հիշեցնենք, աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով


