2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը երկրորդ հաղթանակը տարավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին։
Արման Անդրեասյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի հետ։
Մրցումային առաջին օրը պայքարը սկսել է նաև Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Նորիկ Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 0-5 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Բեկրենևին, պարտություն է կրել հաջորդ փուլում։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել ևս 5 ըմբիշներ։ Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ հաջորդ օրը։
Հիշեցնենք, աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով