Logo

Ըմբշամարտի ԱԱ․ Արման Անդրեասյանը վստահ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ

21:09 / 17.09.2023Ըմբշամարտ
null

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) վստահ հաղթանակով Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց UWW-ի դրոշի ներքո ելույթ ունեցող հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի հետ ու հաղթեց ժամկետից շուտ՝ 12-1։

23-ամյա Արման Անդրեասյանը սեպտեմբերի 16-ին մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5-2 հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիից՝ 5-3: Կիսաեզրափակիչում նա 0-7 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:

70 կգ քաշային կարգն օլիմպիական չէ։

Երկրորդ մրցումային օրը պայքարը սկսած և պարտություն կրած երեք հայ ըմբիշներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանն (79 կգ) ավարտել են ելույթները։

Արսեն Հարությունյանին քառորդ եզրափակիչում հաղթած ճապոնացի Ռեյ Հիգուչին նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով անցկացնել սփոփիչ գոտեմարտ։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը սեպտեմբերի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն Ռեյ Հիգուչիին։

ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ