Մարոկկոյի հավաքականի ու անդալուզյան «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Marca-ն:
32-ամյա դարպասապահը բանավոր համաձայնություն է ունեցել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկի հետ, սակայն երբ իմացել է «Ռեալի» հետաքրքրության մասին, ամեն ինչ փոխվել է: Այժմ ակումբները բանակցում են՝ գործարքն ավարտին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ռեալի» հիմնական դարպասապահ, բելգիացի Տիբո Կուրտուան ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, ինչի պատճառով բաց կթողնի 2023/24 մրցաշրջանը: «Արքայական ակումբն» անմիջապես լծվել է նոր դարպասապահ ձեռք բերելու գործին, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հիմնական դարպասապահի կարգավիճակում չի տեսնում ուկրաինացի Անդրեյ Լունինին:
«Արքայական ակումբը» համալրելու հավանական թեկնածուների թվում են նաև Դավիդ դե Խեան, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի, Կեյլոր Նավասն ու Կեպա Արիսաբալագան:


