Աշխարհի 1-ին ռակետ Յանիկ Սիները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությունը:
Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի եզրափակիչում 6-3, 7-6 (7-4), 6-3 հաշվով հաղթեց աշխարհի 2-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Սիները Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստին հաղթեց 2 ժամ 42 րոպեում:
23-ամյա թենիսիստը նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը (2 «Մեծ սաղավարտ»): Իտալացին 21-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ թարմացնելով անձնական ռեկորդը:
«Շնորհակալություն երկրպագուներին, դուք հիանալի եք: Ինձ աջակցել եք ոչ թե առաջին փուլից, այլ նույնիսկ դրանից մեկ շաբաթ առաջ։ Ես զգացի ձեր սերը, կհանդիպենք հաջորդ տարի»,- ասել է Սիները մրցանակաբաշխության ժամանակ: Eurosport-ի եթերում էլ իտալացին խոստովանել է. «Մոնակոյում իմ տունը բավական փոքր է, այնպես որ ես գավաթը կտանեմ Իտալիա՝ ծնողներիս տուն»:
«Տհաճ է, որ կանգնել եմ այս գավաթի կողքին, բայց դրան դիպչել չեմ կարող: Շնորհավորում եմ Յանիկին, դու միանշանակ արժանի ես, աշխարհի լավագույն խաղացողն ես: Հուսով էի՝ այսօր կկարողանայի արժանի պայքար ցուցադրել, բայց դու չափազանց լավն ես: Շնորհավորում եմ: Ոչ ոք այս գավաթին արժանի չէ այնքան, որքան դու: Շնորհակալություն երկրպագուներին, դուք ինձ աջակցել եք այս երկու շաբաթների ընթացքում: Չգիտեմ՝ երբ հնարավորություն կունենամ այս գավաթը բարձրացնելու, բայց ես կշարունակեմ փորձել»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Զվերևը:
BACK TO BACK 🏆 🏆
— ATP Tour (@atptour) January 26, 2025
Jannik Sinner shines down under and retains his title in Melbourne 🌟#AO2025 | #Sinner pic.twitter.com/FyLArsqClA
This point was EVERYTHING 🤯#AO2025
— ATP Tour (@atptour) January 26, 2025
pic.twitter.com/jcccZPt8GK
Australian Open. Մեդիսոն Քիզի կարիերայի առաջին «Մեծ սաղավարտը»


