Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 4-րդ տուրում «Սելտայի» դեմ կայանալիք խաղից առաջ ամփոփել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի տրանսֆերները։
«Գնահատականս միջին է կամ միջինից մի փոքր բարձր։ Ես ևս մեկ ֆուտբոլիստի կարիք ունեի։ Այնուամենայնիվ, ես շատ գոհ եմ։ Ակումբը ահռելի ջանքեր գործադրեց և ես շատ երախտապարտ եմ դրա համար։
Մենք աշխատում էինք մեկ թիմի պես ու փայլուն աշխատանք կատարեցինք։ Մենք շատ երջանիկ ու գոհ ենք ստացած արդյունքից»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը ձեռք է բերել բրազիլացի վինգեր Ռաֆինյային (58 միլիոն եվրո), լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին (50 միլիոն եվրո), կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին (ազատ գործակալ), ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին (50 միլիոն եվրո), դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին (ազատ գործակալ), իսպանացի պաշտպաններ Հեկտոր Բելյերինին (ազատ գործակալ) ու Մարկոս Ալոնսոյին (ազատ գործակալ):


