Logo

Չավիի համար սա առաջինն է. թոփ մարզիչների նորամուտները Կլասիկոներում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
18:42 / 12.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ

ՉավիԱվելին, քան հանդիպում: Չավին՝ Կլասիկոների վարպետը խաղադաշտում, այսօր Սաուդյան Արաբիայում իր առաջին հանդիպումը կանցկացնի իսպանական ամենասկզբունքային դիմակայությունում պահեստայինների նստարանին՝ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում: 

Առաջին Կլասիկոն գլխավոր մարզչի դերում արկած է, որի միջով անցել են «Ռեալն» ու «Բարսելոնան» գլխավորած մի շարք մասնագետներ: Արդյունքները տարբեր են ստացվել: Գվարդիոլան, Վալդանոն, Զիդանն ու Մենոտին քննությունը լավ են հանձնել, մինչդեռ Մոուրինյոն ու Լուիս Էնրիկեն «կտրվել են»:

Ներկայացնում ենք ամենահիշարժան մարզչական նորամուտները Կլասիկոներում:

Գվարդիոլայի «թարս» ապտակը Խուանդե Ռամոսին

2008/09 մրցաշրջանում կայացած 2 Կլասիկոներն էլ դեբյուտային էին թե՛ «Ռեալի», թե՛ «Բարսելոնայի» մարզիչների համար, որոնցից 2 դեպքում էլ հաղթող դուրս եկավ Պեպ Գվարդիոլան:

2008-ի դեկտեմբերի 14-ին կայացած խաղն առաջինն էր Պեպի և մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» գլխավորած Խուանդեի համար՝ որպես գլխավոր մարզիչ:

«Բարսելոնան», որ դեռ նոր էր թափ հավաքում, այդ երեկո հաղթեց «Ռեալին» 2-0 հաշվով (աչքի ընկան Սամուել Էտո՛օն և Լեո Մեսին):

Մրցաշրջանի երկրորդ հատվածում Պեպի «Բարսան» շատ ավելի կայացած էր որպես թիմ, իսկ «Ռեալում», ընդհակառակը, ճգնաժամն ու քաոսը ավելի ու ավելի էին խորացել: Եվ այդ ամենի արտացոլումը 2009-ի մայիսի 2-ի հանդիպումն էր, երբ «Բարսելոնան» «Սանտիագո Բեռնաբեուում» 6-2 հաշվով ջախջախեց «Ռեալին»՝ «Արքայական ակումբի» երկրպագուների աչքի առաջ: Կլասիկո, որ հավերժ կմնա պատմության մեջ:

Զիդանի «վրեժը» «Կամպ Նոու» ստադիոնում

2015/16 մրցաշրջանն անցումային էր «Ռեալի» համար: Տեղի էր ունեցել մարզչական փոփոխություն, այդ ընթացքում էլ մադրիդցիները տանուլ էին տվել Իսպանիայի առաջնությունը:

Բայց Կլասիկոն մնում է Կլասիկո. անկախ ամեն ինչից երկու թիմերը խաղում են իրենց առավելագույն ուժերով: 2016-ի ապրիլի 3-ին եկավ առճակատման հերթական օրը, և հունվարին «Ռեալը» գլխավորած Զիդանի համար դա առաջինն էր մարզչի դերում: Կորցնելու ոչինչ չունեցող «Արքայական ակումբը» շատ ավելի լավն էր Լուիս Էնրիկեի «Բարսելոնայից»:

Ժերար Պիկեի խփած գոլին «Կամպ Նոու» ստադիոնում պատասխանեցին Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն՝ ձևակերպելով թիմի ռեմոնտադան:

Հետագայում Զիդանն իր 2 պաշտոնավարումների ընթացքում այդպես էլ անպարտելի մնաց «Կամպ Նոու» ստադիոնում:

Մոուրինյոյի ստացած ամենադաժան ու ցավոտ հարվածը

2010-ին «Ինտերի» հետ թրեբլը նվաճած Ժոզե Մոուրինյոն գլխավորեց «Ռեալը»: Առանց այդ էլ մեծ սպասելիքներ ունեցող մադրիդցի երկրպագուների ոգևորությունն ավելի էր աճել, երբ իրենց սիրելի թիմն «Առանձնահատուկի» գլխավորությամբ առաջին 4 ամիսների ընթացքում ոչ մի պարտություն չէր կրել:

Բայց եկավ նոյեմբերի 29-ը և բոլորին, այդ թվում՝ Մոուրինյոյին իջեցրեց երկնքից: Անձրևոտ այդ երկուշաբթի՝ օրվա ուշ երեկոյան, խաղի հաշիվը բացեց Չավին: Եթե առաջին կեսում «Ռեալը» ինչ-որ կերպ փորձում էր պատասխանել մրցակցին, ապա երկրորդ խաղակեսում «Բարսան» վերջնական կապիտուլյացիայի ենթարկեց մրցակցին: Պեդրոյի գոլին ու Վիլյայի դուբլին հաջորդեց Ժեֆրենի գոլը, որը նաև այս ֆուտբոլիստի նորամուտի Կլասիկոն էր, բայց դրանից հետո այս խաղացողի անունն այլևս չլսեցինք:

«Բարսելոնան» ծաղրում էր նաև իր խաղով. «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները չէին կարողանում հակախաղ գտնել մրցակցի՝ անվերջանալի թվացող կարճ փոխանցումներին: 0-5 հաշվով ավարտված խաղը դեռ երկար կայցելի Մոուրինյոյին իր մղձավանջներում:

Կրույֆի առաջին Կլասիկոն նույնպես սուպերգավաթային էր

«Բարսելոնայի» պատմության ամենակարևոր մարդկանցից մեկը՝ Յոհան Կրույֆը՝ որպես գլխավոր մարզիչ, կլասիկոներում իր նորամուտը նշեց 1988-ի սեպտեմբերին՝ Իսպանիայի Սուպերգավաթի երկխաղյա դիմակայության շրջանակում:

Առաջին հանդիպումը, որ կայացավ Մադրիդում, ավարտվեց «Ռեալի» համոզիչ հաղթանակով՝ 2-0 հաշվով: Գոլի հեղինակներ դարձան Միչելը և Հուգո Սանչեսը: Պատասխան խաղում մի փոքր այլ պատկեր էր. հաղթեց «Բարսելոնան», բայց՝ 2-1 հաշվով, ու Սուպերգավաթը նվաճեց «Ռեալը»: 

Վալդանոյի նորամուտը ավելի լավը լինել չէր կարող

1994-ին «Ռեալը» նվաստացուցիչ պարտություն էր կրել Ռոմարիոյից ու ընկերներից՝ զիջելով 0-5 հաշվով: 

Խորխե Վալդանոյի գլխավորությամբ Մադրիդում նոր ժամանակաշրջանի մեկնարկի էին սպասում, և արգենտինացին չհիասթափեցրեց: Նրա առաջին Կլասիկոն էլ հիշարժան էր՝ Կրույֆի «Բարսելոնայի» հետ: 1995-ի հունվարի 7-ին «Ռեալը» ամբողջությամբ վրեժխնդիր եղավ:

Միքայել Լաուդրուպի համար էլ Կլասիկոն առաջինն էր: Այդ խաղում աչքի ընկավ հետագայում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, Իվան Զամորանոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ևս մեկը խփեց Ամավիսկան, իսկ Խրիստո Ստոիչկովը հեռացվեց Կիկե Սանչես Ֆլորեսին տապալելուց հետո: Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ճգնաժամը խորացավ, իսկ Ռոմարիոն խնդրեց ակումբի ղեկավարությանը վաճառել իրեն:

Անկասելի «Ռեալը» փչացրեց Լուիս Էնրիկեի առաջին Կլասիկոն

2014/15 մրցաշրջանի առաջին հատվածը «Ռեալինն» էր, երկրորդը՝ «Բարսելոնայինը»:

2014-ի աշնանն Անչելոտիի «Ռեալն» անհավանական ընթացք էր հավաքել ու 22 անընդմեջ հաղթանակ տարել՝ գրանցելով այդ ժամանակվա եվրոպական ռեկորդը: Այդ հաղթանակների թվում էր նաև հոկտեմբերի 25-ին կայացած Կլասիկոն: 

Լուիս Էնրիկեն «Բարսայի» ղեկին իր առաջին մրցաշրջանի սկզբում դեռ թիմին չէր հասցրել իր լավագույն մարզավիճակին: Բացի դա, «կապտանռնագույն» մարզաշապիկով իր առաջին պաշտոնական խաղն էր անցկացնելու Լուիս Սուարեսը: Ուրուգվայցին մինչև այդ 3 ամիս չէր խաղացել, քանի որ որակազրկվել էր Մունդիալ 2014-ի ժամանակ Ջորջիո Կիելինիին կծելու համար:

Հանդիպումն անցավ «Ռեալի» խաղային բացահայտ առավելությամբ: Չնայած Նեյմարի՝ խաղասկզբում խփած գոլին՝ մադրիդցիները վստահ հաղթանակ տարան Ռոնալդուի, Բենզեմայի ու Պեպեի գոլերի շնորհիվ:

Լուիս Էնրիկեի «Բարսան» պարտվեց ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Այդ մրցաշրջանի արդյունքներով կատալոնացիները հաղթեցին Իսպանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում ու դարձան Իսպանիայի գավաթակիր:

Անչելոտիի չստացված էքսպերիմենտը, որից օգտվեց Տատա Մարտինոն

2013/14 մրցաշրջանում «Ռեալում» ու «Բարսելոնայում» մարզչական փոփոխություններ եղան: «Արքայական ակումբը» գլխավորել էր Կառլո Անչելոտին, «Բարսելոնան»՝ Տատա Մարտինոն: 

Երկու մասնագետների համար էլ առաջին Կլասիկոն կայացավ 2013-ի հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» ստադիոնում: Անչելոտին լուծում էր թիմի՝ դեռ նախորդ մրցաշրջանից մնացած մի շարք խնդիրները, և այդ գործընթացը դեռ հեռու էր ավարտից «Բարսելոնայի» դեմ խաղին: Իսպանիայի առաջնությունում Դիեգո Լոպեսն էր պաշտպանում դարպասը, մյուս մրցաշարերում՝ Կասիլյասը: Հարձակման գծում BBC եռյակը դեռ ձևավորման փուլում էր, իսկ թիմի հիմնական հենակետային Խաբի Ալոնսոն վնասվածք ուներ:

Այդ դիրքում Անչելոտին փորձարկում արեց պատասխանատու պահին՝ հենակետայինի գոտում օգտագործելով Սերխիո Ռամոսին: Բայց էքսպերիմենտը չաշխատեց: «Ռեալն» ամենակարևոր պահերին պարտվում էր դաշտի կենտրոնում, իսկ Նեյմարի ու Ալեքսիս Սանչեսի գոլերին պատասխանեց միայն Խեսեի ուշացած գնդակը: 

Այդ մրցաշրջանում Լա լիգան բաժին հասավ ոչ «Ռեալին», ոչ էլ «Բարսելոնային», այլ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոյին»: Անչելոտին առաջնության վրեժը լուծեց Լիսաբոնում՝ հաղթելով Սիմեոնեին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա