Բիրմինգհեմի մրցաշարի որակավորման փուլը հաղթահարելու շնորհիվ հայ թենիսիտուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում առաջադիմել է չորս կետով և բարձրացել 74-րդ տեղ։
21-ամյա Ավանեսյանը դուրս է եկել WTA-250 շարքի մրցաշարի հիմնական հատված և առաջին փուլում մրցելու է Անաստասիա Պոտապովայի (Ռուսաստան, 36-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կայանալու է հունիսի 17-ին` Երևանի ժամանակով 15:30-ից սկսած։
WTA-ի թարմացված աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այն շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, որին հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Արինա Սաբալենկան (Բելառուս)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Ռուսաստանցի մարզուհին դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։