Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի WR Chess Masters մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 53-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն:
Դա Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի առաջին պարտությունն էր մրցաշարում: Նախորդ տուրերում Արոնյանը 3 հաղթանակ էր տարել՝ առավելության հասնելով հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի և նիդերլանդցի Անիշ Գիրիի նկատմամբ ու ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ։
7-րդ տուրից հետո Արոնյանն ունի 4,5 միավոր: Նրան միավորներով հավասարվեց հնդիկ Դոմարաջու Գուկեշը, որը հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին և լրացուցիչ գործակիցներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Վինսենտ Կեյմերն ու Անիշ Գիրին, Նոդիրբեկ Աբդուսատորովն ու Յան-Քշիշտոֆ Դուդան, Ռամեշբաբու Պրագնանանդհան և Ուեսլի Սոն հաշտություն կնքեցին:
Փետրվարի 24-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Անդրեյ Եսիպենկոյի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: