Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO ժամանակավոր չեմպիոն Ֆաբիո Ուորդլիի (20-0-1, 19 նոկաուտ) պրոմոութեր Ֆրենկ Ուորենը հայտարարել է, որ բանակցություններ են վարում` աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (24-0, 15 նոկաուտ) դեմ մենամարտ կազմակերպելու համար, հաղորդում է Boxing Scene-ը:
«Ներկայիս իրավիճակը հետևյալն է. Ուսիկը պետք է պաշտպանի WBO գոտին Ֆաբիոյի դեմ մենամարտում, և մենք բանակցություններ ենք վարում։ Եթե համաձայնության չհասնենք, այն կանցնի դրամական մրցույթի։ Մրցույթում հաղթող կողմը կորոշի մենամարտի վայրը և ամսաթիվը:
Դրանից հետո Ուսիկը կա՛մ կստորագրի պայմանագիրը, կա՛մ ոչ։ Եթե նա ստորագրի, մենք կունենանք մենամարտ, եթե ոչ, Ֆաբիոն կդառնա չեմպիոն և կմենամարտի մեկ այլ մրցակցի դեմ»,- ասել է Ուորենը։
Հոկտեմբերի 25-ին անգլիացին տեխնիկական նոկաուտով հաղթել էր նորզելանդացի Ջոզեֆ Փարքերին` հնարավորություն ստանալով մենամարտելու Ուսիկի դեմ: Եթե անպարտելի ուկրաինացին հրաժարվի նրա դեմ մենամարտից, կզրկվի բացարձակ չեմպիոնությունից:

