ԱՄՆ-ում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումը Կոլումբիայի և Ուրուգվայի հավաքականների միջև ավարտվել է սկանդալով։
Խաղից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել ուրուգվայցի ֆուտբոլիստների ու կոլումբացի երկրպագուների միջև։
Ֆանատները տրիբունայից անպատվել ու միջնամատ են ցույց տվել անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին, որը շիշ է նետել երկրպագուների ուղղությամբ։ Սկսվել է բախում, որի ժամանակ երկրպագուներից մեկը հարվածել է Նունյեսի դեմքին։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո էլ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը փորձել է հարաբերությունները պարզել կոլումբացիների պաշտպան Միգել Բորխեի հետ։ Կրքերը թեժացել են, սակայն գործը բռունցքներին չի հասել։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով ու 23 տարի անց դուրս եկել Կոպա Ամերիկայի եզրափակիչ, որտեղ կմրցի մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հետ։ Բոլոր մրցաշարերում կոլումբացիների անպարտելի շարքը հասավ 28 խաղի։ Ուրուգվայի հավաքականը 13 տարի չի կարողանում դուրս գալ այս մրցաշարի եզրափակիչ։