Logo

«Ուրարտուն» տնային ստադիոնն անվճար առաջարկում է «Փյունիկ» - «Նոա» խաղն անցկացնելու համար

19:13 / 17.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ուրարտուն» անդրադարձել է «Նոայի» հայտարարությանը, որով ակումբն առաջարկել էր փոխել «Փյունիկի» դեմ առաջնության 35-րդ տուրի հանդիպման անցկացման մրցավայրն ու ժամը:

«Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի հայտարարությունը, մայիսի 21-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 35-րդ տուրի «Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբների միջև կայանալիք հանդիպման հնարավոր տեղափոխման վերաբերյալ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն անվճար առաջարկում է իր ստադիոնը դիտարկել որպես հանդիպման անցկացման ավելի հարմար վայր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է դիտարկել այս հարցը և ֆուտբոլը մասսայականացնելու, ինչպես նաև ավելի շատ երկրպագուների և ֆուտբոլասերների համար մրցաշրջանի վճռորոշ հանդիպումը դիտելու հնարավորություն ընձեռելու համար այն տեղափոխել ավելի հարմար վայր։

Նշենք, որ մեր մարզադաշտը տեղավորում է 4825 երկրպագու, և նրա դիրքը գտնվում է երկու թիմերի համար բարենպաստ և մատչելի վայրում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Փյունիկը» հայտարարել էր, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասությունից:

«Նոան» կրկին հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Փյունիկի» և «Ուրարտուի» պաշտոնական հաղորդագրություններին:

««Նոա» ակումբը շնորհակալություն է հայտնում օպերատիվ արձագանքի համար։ Քաջատեղյակ լինելով նշված կանոնակարգից և սահմանված ժամկետներից՝ հարկ ենք համարում նշել, որ վայրի տեղափոխման անհրաժեշտությունն առաջացել է երեկ տեղի ունեցած հանդիպման արդյունքից՝ մայիսի 21-ին սպասվելիք հանդիպումը դարձնելով վճռորոշ։

Ձեր արձագանքից հետևում է, որ «Փյունիկ» ակումբը ըստ էության առարկություններ չունի, այլ միայն մեջբերում է նորմաիրավական սահմանափակումները։ Կարծում ենք, որ նման մեկնաբանումն արդեն ՀՖՖ դաշտում է։ Վստահ լինելով, որ Ակումբը չունի առարկություններ՝ հնարավորինս դիտարժան և մեծ թվով երկրպագուներով հանդիպում կազմակերպելու հարցում, մեր առաջարկը շարունակում է բաց մնալ՝ հյուրընկալ թիմի իրավունքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ բացառության կարգով հանդիպումը տեղափոխելու այլ մարզադաշտ՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները։ Կարծում ենք՝ նպատակահարմար է, որ լիազոր մարմինը արձագանքի վերջնական որոշմամբ։

Շնորհակալություն ենք հայտնում «Ուրարտու» ակումբին իր մարզադաշտն առաջարկելու գործընկերային քայլի համար։ «Նոա» ակումբը առաջարկը սիրով կընդունի՝ սպասելով ՀՖՖ-ի և «Փյունիկի» հաստատմանը ևս։

Հաջողություն ենք ցանկանում մեր երկու թիմերին և երկրպագուներին՝ մաղթելով հետաքրքիր խաղ»,- նշված է «Նոայի» հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ