Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» շարունակում է մարզումային գործընթացն ու նախապատրաստվում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախապատրաստական շրջանի ընթացքում երևանյան ակումբը կանցկացնի ընկերական հանդիպումներ։
«Ուրարտուն» հավաքի մի մասը՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ կկայանա 2 ստուգողական հանդիպում։ Հուլիսի 1-ին Դմիտրի Գունկոյի թիմը կմրցի «Սաբուրթալոյի», իսկ 3 օր անց՝ «Գագրայի» հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» հետ:
Թիմերի առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին Երևանում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 18-ին (Երևանի ժամանակով 21։00-ին) Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։
Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Ուրարտուն» կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։


