Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում կայացավ «Վան» – «Ուրարտու» հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով:
Առաջին խաղակեսի վերջնամասում Թեմուր Ջիկիան 11-մետրանոց հարվածով առաջ մղեց հյուրերին, իսկ երկրորդի սկզբում Վիկտոր Բոնիֆեսյը գոլով ավարտեց չարենցավանցիների գեղեցիկ կոմբինացիան: 87-րդ րոպեին երևանցիների նորեկ Էդուարդոն խլեց գնդակն Արմեն Մանուչարյանից և կրկին առաջ մղեց հյուրերին:
Ամենատարօրինակը սկսվեց մրցավարի ավելացրած ժամանակում, երբ հանկարծ վիճաբանություն սկսվեց «Ուրարտուի» պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի և կիսապաշտպան Մարկոս Ժունիորի միջև: Մրցավարն այդ միջադեպի համար երկուսին էլ կարմիր քարտ ցույց տվեց:
Գործող չեմպիոնը 9 ֆուտբոլիստով չդիմացավ «Վանի» գրոհներին: Անհատական անցումով մրցակցի դարպասը գրավեց Սանի Բուհարին:
Վերջում «Վանն» էլ մեկ կարմիր քարտ ստացավ: Մրցակցի վտանգավոր գրոհը միտումնավոր խախտմամբ կանգնեցնելու համար խաղադաշտից հեռացվեց Չուկվուեբուկվա Օկորոնկվոն:
«Ուրարտուն» 31 միավորով մնաց չորրորդ տեղում, իսկ «Վանը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Վան» - «Ուրարտու»` 2:2
Վիկտոր Բոնիֆեյս, 55, Սանի Բուհարի, 90+10 - Թեմուր Ջիկիա, 43, էդուարդո, 87