Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» շարունակեց հաղթարշավը և օգտվելով «Ալաշկերտի» պարտությունից, ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: «Արարատ-Արմենիան» էլ խոշոր հաշվով հաղթելով, ընդհուպ մոտեցավ «Ալաշկերտին»:
VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրում կայացավ 4 խաղ («Վան»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է): Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան: Առաջնությունում կայացած 63 հանդիպումներից 24-ում հաղթել են դաշտի տերերը, 26-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 13 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
4 խաղում խփվեց 11 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,7 գոլ): Առաջնության 63 հանդիպումներում գրանցվել է 149 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ):
2. «Ուրարտուն» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Վերջին 8 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ընթացքում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել
«Ուրարտուի» հետ խաղում: Իսկ ահա դարպասն անառիկ պահած 4 անընդմեջ խաղերի շարքն ընդհատվեց:
3. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց: Մինչև այդ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը միևնույն 3-0 հաշվով հաղթել էր «Շիրակին» և «Նոային», 4 անպատասխան գնդակ էր խփել «Վանին»:
4. «Ալաշկերտը» խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինն ալաշկերտցիները կրել էին հոկտեմբերի 1-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում՝ 1-5: Արդեն 6 խաղ է, ինչ «Ալաշկերտը» չի հաղթել «Արարատ-Արմենիային» Fastex ՀՊԼ-ում՝ կրելով 4 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:
Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական խաղում: Դեյան Բոլևիչի խփած միակ գոլն ապահովել էր «Ալաշկերտի» չեմպիոնությունն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ:
5. «Արարատը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին 7 խաղերում արարատցիները 6 անգամ խաղադաշտից պարտված են հեռացել՝ միակ հաղթանակը տոնելով «Փյունիկի» նկատմամբ:
6. ԲԿՄԱ-ն առաջնության վերջին 5 հանդիպումներում 4-րդ պարտությունը կրեց: Այդ խաղերում բանակայիններին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին: Թիմում գոլային երաշտը հասել է 462 րոպեի: Վերջին գոլն առաջնությունում ԲԿՄԱ-ն խփել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի հարվածի շնորհիվ:
7. Արմեն Համբարձումյանը դարձավ Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը: Հայաստանի կրկնակի չեմպիոնի մասնակցությամբ խաղերում ընդհանուր առմամբ խփված 302 գոլերից 206-ը գրանցվել է «Արարատ-Արմենիայի» հաշվին: Հիշեցնենք, որ Fastex ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 200-րդ գոլը խփել էր Ուիլֆրեդ Կուասի Էզան հոկտեմբերի 17-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում:
Արմեն Համբարձումյանը Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» կազմում 90-րդ խաղն անցկացրեց ու հավասարվեց թիմի ռեկորդակիր Մաիլսոն Լիմային:
8. Մաքսիմ Մայրովիչը դարձավ Fastex ՀՊԼ-ում «Ուրարտուի» հոբելյանական՝ 1250-րդ գոլի հեղինակը: Ընթացիկ առաջնությունում դա ռուս ֆուտբոլիստի խփած 6-րդ գոլն էր: Այդ ցուցանիշով նա Դմիտրո Խլյոբասի հետ ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է: Մայրովիչը 28 գնդակով եզրափակում է Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակը:
9. Ուգո Ֆիրմինուն փոքրիկ հոբելյան նշեց՝ խփելով Fastex ՀՊԼ-ում 20-րդ գոլը: Նրա թիմակից Ուիլֆրեդ Կուասի Էզան առաջնության 3-րդ անընդմեջ խաղում դաշտից չհեռացավ առանց գոլի: Իվուարցի հարձակվողն ընթացիկ առաջնությունում 5 գնդակով «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն է:
10. Բլադիմիր Դիասն առաջնության երկրորդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ՝ խփելով 11-րդ գնդակը: Վերջին 5 հանդիպումներում կոլումբացի ֆուտբոլիստը նույնքան անգամ գրավել է մրցակիցների դարպասները: Այդ խաղերում միայն «Արարատին» է հաջողվել դարպասն անառիկ պահել Դիասի հարվածներից, իսկ ահա «Նոան» ստիպված է եղել 2 անգամ գնդակը հանել ցանցից: