Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) և երկրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ) դուրս են մնացել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնից»։
23-ամյա Շվյոնտեկը երրորդ փուլում 6-3, 1-6, 2-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց Յուլյա Պուտինցևայից (35-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ։ Ղազախ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում հուլիսի 8-ին մրցելու է Ելենա Օստապենկոյի (Լատվիա, 14-րդ ռակետ) դեմ։
Գաուֆը չորրորդ շրջանում 1 ժամ 16 րոպեում 4-6, 3-6 հաշվով զիջեց Էմմա Նավարոյին (ԱՄՆ, 17-րդ ռակետ)։ Նավարոն դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է 7-րդ ռակետ Յասմին Պաոլինիին (Իտալիա)։
Քառորդ եզրափակիչում զույգ են կազմել նաև Լուլու Սանը (Նոր Զելանդիա, 123-րդ ռակետ) և Դոնա Վեկիչը (Խորվաթիա, 37-րդ ռակետ)։
«Ուիմբլդոնի» կանանց մենախաղի պայքարը կավարտվի հուլիսի 13-ին։ Մրցաշարի գործող հաղթող Մարկետա Վոնդրուսովան (Չեխիա, 6-րդ ռակետ) նույնպես լքել է պայքարը։