Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն անդրադարձել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելուն:
«Սա այն է, ինչին ես անհամբերությամբ սպասում էի: Արդեն 6 տարի է, որ խաղում եմ Հայաստանում, այն իմ երկրորդն տունն է, ուստի այս երկրի ազգային հավաքականում խաղալն ինձ համար մեծ պատիվ է: Շնորհակալություն բոլորին աջակցության և վստահության համար»,- Իվուի խոսքը մեջբերում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 23-ամյա Իվուն 2018 թվականից է խաղում Հայաստանում, որտեղ ելույթ է ունեցել նաև Վանաձորի «Լոռիում» ու Երևանի «Փյունիկում»։ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում նիգերիացի կիսապաշտպանը մասնակցել է 22 խաղի, դարձել մեկ գոլի, 2 ասիստի հեղինակ ու ստացել երեք դեղին քարտ։
Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։