Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն դուրս է մնացել Կոսովոյի և Չեխիայի հետ ընկերական հանդիպումների հայտացուցակից, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը հավաքականի ճամբար էր ժամանել մարտի 19-ին, մասնակցել էր թիմի մարզմանը, որից հետո բժշկական թեստ էր հանձնել: Հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակում է:
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հետագա բարդություններից խուսափելու նպատակով որոշում է կայացրել ֆուտբոլիստին չընդգրկել առաջիկա ընկերական հանդիպումների հայտացուցակում: Իվուի փոխարեն գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը թիմ է հրավիրել «Վանի» և Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Էրիկ Փիլոյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին տարվա առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կոսովոյի ազգային թիմին, իսկ չորս օր անց Պրահայում կհյուրընկալվի Չեխիային:


