Logo

Ուգո Ֆիրմինուի տարիքային ռեկորդը, 4-րդ մարզիչն «Արարատում». Fastex ՀՊԼ-ի 14-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:18 / 01.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը հաղթական էր առաջատար քառյակի թիմերի համար, որոնք էլ չեմպիոնական մրցավազքի մասնակիցներն են:

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք 4 հաղթանակ տարան, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Ալաշկերտին»: Առաջնությունում կայացած 68 հանդիպումներից 25-ում հաղթել են դաշտի տերերը, 30-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 13 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

5 խաղում խփվեց 12 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): Առաջնության 68 հանդիպումներում գրանցվել է 161 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ):

2. «Ուրարտուն» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Վերջին 9 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է, տարել է 8 հաղթանակ, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Այդ ընթացքում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Ուրարտուի» հետ խաղում: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» 16 միավոր ավելի է վաստակել:

3. «Արարատ-Արմենիան» տարավ խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը, որը 5-րդն էր ընթացիկ առաջնությունում: Դա լավագույն ցուցանիշն է առաջնության մասնակից թիմերի մեջ: Մինչև այդ, Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը միևնույն 3-0 հաշվով հաղթել էր «Շիրակին» և «Նոային», 4 անպատասխան գնդակ էր խփել «Վանին», 4-1 հաշվով էլ պարտության էր մատնել «Ալաշկերտին»:

Ի դեպ, Fastex ՀՊԼ-ում իր ամենախոշոր հաշվով հաղթանակն «Արարատ-Արմենիան» տոնել է հենց «Շիրակի» նկատմամբ՝ 2020-21թթ. առաջնությունում 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):

4. Ալեքսանդր Պետրոսյանն ընթացիկ առաջնությունում «Արարատի» գործողությունները ղեկավարած 4-րդ մարզիչն էր Արամ Ոսկանյանից, Ռաֆայել Սաֆարյանից և Գագիկ Սիմոնյանից հետո: Նրա նորամուտը հաջող անցավ: Արարատցիները հաղթեցին «Վանին», որին պարտության էին մատնել նաև առաջին շրջանում: Հետաքրքիր է, որ առաջնությունում մյուս երկու հաղթանակներն «Արարատը» տարել է «Փյունիկի» նկատմամբ՝ առավելության հասնելով նվազագույն հաշվով:

5. ԲԿՄԱ-ն 6-րդ անընդմեջ խաղում չգտավ մրցակցի դարպասի բանալին: Թիմում գոլային երաշտը հասել է 552 րոպեի: Դա առաջնությունում վատագույն ցուցանիշն է: Վերջին գոլն առաջնությունում ԲԿՄԱ-ն խփել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի հարվածի շնորհիվ:

6. «Շիրակի» հետ խաղում դուբլ ձևակերպելով՝ 34-ամյա Ուգո Ֆիրմինուն ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 6-ի և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում թիմում խաղացած ֆուտբոլիստներից առավել արդյունավետ էր գործել՝ խփելով 4 գոլ: Ֆիրմինուն 6 գոլով ընդգրկվեց «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում:

7. Արմեն Համբարձումյանը 2-րդ անընդմեջ խաղում գրավեց մրցակցի դարպասը: «Շիրակի» հետ մրցավեճում նա թիմի մարզաշապիկով Fastex ՀՊԼ-ում 91-րդ անգամ խաղադաշտ մտավ ու, գերազանցելով Մաիլսոն Լիմային, դարձավ անցկացրած խաղերի քանակով «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիրը:

8. «Լեռնային Արցախի» նիգերիացի հարձակվող Օլաոլուվա Օջետունդեն, «Արարատի» իվուարցի ֆուտբոլիստներ Ամարա Տրաորեն ու Արմանդ Դագրոն, «Ուրարտուի» պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ջեսի Ակիլան բացեցին գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Նիգերիացի Ակիլան դարձավ Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականը (20 տարեկան 307 օրական)՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի ցուցանիշը (22 տարեկան 322 օրական):

Իսկ թիմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում Ակիլային գերազանցում է միայն Ժիրայր Շաղոյանը, որն «Արարատ-Արմենիայում» Fastex ՀՊԼ-ում գոլերի հաշիվը բացել էր 20 տարեկան 137 օրականում:

Օջետունդեի գոլն ընթացիկ առաջնությունում խփված հոբելյանական՝ 150-րդ գնդակն էր:

9. Հրայր Մկոյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 450-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ «Վանի» հետ նախորդ հանդիպումներն էլ հիշարժան են եղել «Արարատի» ավագի համար:

Մարտի 1-ին Չարենցավանում գյումրեցի պաշտպանը ֆուտբոլային կարիերայում (ներառյալ նաև արտերկրում անցկացրած խաղերը) պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր անցկացրել: Նա դարձել էր այդ սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ հայ ֆուտբոլիստը: Իսկ ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում՝ օգոստոսի 27-ին Երևանում Մկոյանը «Արարատի» մարզաշապիկով Fastex ՀՊԼ-ում 100-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

10. «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 44-ում նա խաղացել է «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ