ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել փոխհատուցել անգլիական «Լիվերպուլի» այն երկրպագուներին, որոնք ուշացումով են մուտք գործել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի խաղին կամ ընդհանրապես չեն կարողացել մտնել մարզադաշտ:
ՈւԵՖԱ-ի անկախ հանձնաժողովը պարզել է, որ «Լիվերպուլի»՝ ի սկզբանե մեղադրվող երկրպագուները խոչընդոտներ չեն ստեղծել, և գլխավոր մեղքը կառույցինն է:
Տոմսի արժեքի գումարը կվերադարձվի 19618 երկրպագուի: Հանդիպման տոմսերի գները 70-690 եվրո էր:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալը» ՉԼ-ի եզրափակիչի խաղը սկսվել էր 36 րոպե ուշացումով: Ստադիոնի մոտակայքում բախում էր տեղի ունեցել երկրպագուների և Փարիզի ոստիկանության միջև:
Հանդիպումն ավարտվել էր «Արքայական ակումբի» հաղթանակով (1-0): Մադրիդյան գրանդը պատմության մեջ 14-րդ անգամ դարձել էր ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող: