Նիոնում կայացած խորհրդի նիստում ՈւԵՖԱ-ն հայտարարել է ֆուտբոլի Եվրոպայի 18-րդ և 19-րդ առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի անցկացման վայրերը, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։
Եվրո-2028-ը կհյուրընկալեն Իռլանդիան ու Մեծ Բրիտանիան (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա), իսկ Եվրո-2032-ը համատեղ կանցկացնեն Իտալիան և Թուրքիան։
Սպասվում է, որ Եվրո-2028-ի խաղերը կկայանան Բելֆաստում, Բիրմինգհեմում, Կարդիֆում, Դուբլինում, Գլազգոյում, Լիվերպուլում, Լոնդոնում, Մանչեսթերում ու Նյուքասլում։
Իտալիան ու Թուրքիան 20 ստադիոն են ներկայացրել խաղերն ընդունելու համար։ 2026 թվականի հոկտեմբերին կընտրվի 10 ստադիոն (5-ական յուրաքանչյուր երկրից)։
Հիշեցնենք, որ Եվրոպայի հաջորդ առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ին Գերմանիայի 10 քաղաքներում։ Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է։