ՈւԵՖԱ-ն ու France Football և L’Équipe մեդիաընկերություների սեփականատեր Groupe Amaury-ը կնքել են համագործակցության պայմանագիր։ 2024 թվականից երկու կազմակերպությունները համատեղ կանցկացնեն «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Համագործակցության շրջանակում Groupe Amaury-ը կմնա «Ոսկե գնդակ» բրենդի սեփականատերն ու կշարունակի վերահսկել քվեարկությունը, որը կպահպանի գործող համակարգն ու անկախությունը։ ՈւԵՖԱ-ն նախագծին կավելացնի ֆուտբոլային փորձագիտություն, ինչպես նաև կզարգացնի առևտրային իրավունքի տարածումը ու կկազմակերպի ամենամյա մրցանակաբաշխության գալա-երեկոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կավելացվեն տարվա լավագույն կին և տղամարդ մարզիչների անվանակարգերը։
Հիշեցնենք, որ France Football-ը նախկինում «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունն անցկացրել էր նաև ՖԻՖԱ-ի հետ համատեղ, սակայն ավելի ուշ կողմերը դադարեցրել էին համագործակցությունը։
Օրեր առաջ կարիերայում 8-րդ անգամ «Ոսկե գնդակին» արժանացել էր աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին։