«Ուդինեզե» - «Ռոմա» Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղը 72-րդ րոպեին ընդհատվեց և մնաց անավարտ:
Հանդիպումն ընդհատվեց «Ռոմայի» կոտդիվուարցի պաշտպան Էվան Ն'Դիկայի՝ վնասվածք ստանալուց հետո: 24-ամյա ֆուտբոլիստին բժիշկները միայն պատգարակի օգնությամբ դուրս բերեցին խաղադաշտից (տեսանյութ):
Հռոմեական թիմի ֆուտբոլիստի գիտակցությունը տեղն էր, սակայն ցավեր ուներ կրծքավանդակի հատվածում: Դանիելե դե Ռոսիի թիմի ֆուտբոլիստներն անհանգիստ էին իրենց խաղընկերոջ համար, մրցավար Լուկա Պայրետոն էլ որոշեց դադարեցնել հանդիպումը:
Հավանաբար, խաղը կշարունակվի ապրիլի 15-ին: «Ուդինեզեն» և «Ռոման» մինչև 72-րդ րոպեն խփել են մեկական գոլ՝ 1-1:



